Մահացել է լրագրող, հեռուստամեկնաբան, ռադիոմեկնաբան Արմեն Դուլյանը։
Sputnik Արմենիա լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախօրեին կտրուկ վատացել էր նրա ինքնազգացողությունը, որից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։
Մայիսին նա կդառնար 72 տարեկան։
Sputnik-ի փոխանցմամբ՝ դպրոցն ավարտելուց հետո Դուլյանն ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետ, սակայն առաջին կուրսն ավարտելուց հետո մեկնել է պարտադիր զինծառայության։ Երկու տարի Խորհրդային զինված ուժերում ծառայելուց հետո Երեւանում աշխատանքի է անցել «Արմենպրես» գործակալությունում որպես թարգմանիչ։ Աշխատանքին զուգահեռ հեռակա սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1990-ականների առաջին կեսին գործընկերոջ հետ հիմնադրել է Հայաստանում առաջին անկախ «Սնարք» գործակալությունը, 1990-ականների սկզբին աշխատել է որպես ռադիո «Ռոսիայի» երեւանյան թղթակից, հոդվածներ է հրապարակել տեղական մամուլում։ 2014-2016 թվականներին հրապարակախոսական հոդվածաշարով հանդես է եկել «Առավոտ» օրաթերթում։
1992-1993 թվականներին Դուլյանը եղել է ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի մամուլի քարտուղարը։
1994 թվականից մինչեւ 2008 թվականի ամռանը ռադիոռեպորտաժներ է պատրաստել «Ազատություն» ռադիոկայանի համար։
Հայաստանի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում վարել է «25 րոպե» քաղաքական-վերլուծական հաղորդումը։ Միաժամանակ, Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրում պատրաստել եւ հնչեցրել է «Մամուլի տեսություն» հաղորդաշարը։
2010 թվականին աշխատանքի է անցել «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրում։
Հետագայում «Կենտրոն» հեռուստաընկերությունում հիմնել է հեղինակային քաղաքական-վերլուծական ամենօրյա հաղորդում, այնտեղից հեռացել է 2018 թվականի մարտին։
2019 թվականի հոկտեմբերից մինչ օրս հեղինակային ամենօրյա ռադիոհաղորդումների շարք է վարել Sputnik Արմենիա լրատվական գործակալությունում։
«Ալիք Մեդիա Արմենիան» ցավակցում է երկար տարիների փորձ ունեցող լրագրող Արմեն Դուլյանի ընտանիքին եւ հարազատներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ: