Բաքվի զինվորական դատարանում այսօր վերսկսվել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով լսումները։
APA գործակալության փոխանցմամբ՝ դատարանը նախորդ նիստին որոշել էր 10 օր ժամանակ տրամադրել Վարդանյանին՝ իր համար ծանոթ լեզուներով գործին ծանոթանալու եւ պաշտպանությանը պատրաստվելու համար։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր շարունակվում են նաեւ Արցախի մյուս ղեկավարների գործով լսումները։
Հիշեցնենք՝ ադրբեջանական բանտերում դեռեւս 23 հայ է պահվում։ Նրանց թվում են նաեւ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բաքո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նրանց գործով դատական նիստը սկսվել էր հունվարի 17-ին:
Բաքուն նրանց մեղադրում է, այսպես կոչված, «ապօրինի զինված խմբավորումների կազմավորման», «անջատողականության», «ահաբեկչության» եւ նման այլ ծանր հոդվածներով։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ռուբեն Վարդանյանի գործերը առանձնացվել են, եւ նրա դատավարությունը կընթանա առանձին։