Amnesty International միջազգային կազմակերպությունը նոր զեկույց է հրապարակել Ադրբեջանի վերաբերյալ, որում մտահոգություն է հայտնել այդ երկրում մարդու իրավունքների վիճակի վատթարացման կապակցությամբ։
«Կան խոսքի ազատության, միավորումների եւ խաղաղ հավաքների իրավունքի անհիմն սահմանափակումներ, ինչպես նաեւ հաշվեհարդարներ իրավապաշտպանների եւ լրագրողների նկատմամբ»,- ասվում է զեկույցում։
Համատարած են արդար դատաքննության իրավունքի խախտմանն ու քաղաքական նպատակներով արդարադատության չարաշահմանը առնչվող դեպքերը։ Ներկայացվում է լրագրողների, իրավապաշտպանների եւ կառավարության քննադատների ձերբակալության հաճախակի դարձած դեպքերի մասին։
Զեկույցի մեկ այլ բաժին նվիրված է խոշտանգումների, դաժան վերաբերմունքի եւ բանտարկյալներին բժշկական օգնությունից զրկելու վերաբերյալ հարցերի:
«Կալանավայրերում խոշտանգումները եւ դաժան վերաբերմունքի այլ ձեւերը տարածված են եւ իրականացվում են ոստիկանության եւ քննչական պաշտոնյաների կողմից: Չկա բողոքների անկախ մեխանիզմ, չկան արդարադատության մատչելիություն եւ տուժածների համար արդյունավետ պաշտպանության միջոցներ: Կառավարության գրեթե բոլոր քննադատները հայտնում են կալանավայրում խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի մասին: Այս բողոքները արդյունավետորեն չեն հետաքննվում»,- ասվում է իրավապաշտպան կառույցի զեկույցում։
Amnesty International-ը նաեւ ուշադրություն է հրավիրում Ադրբեջանում հավաքների ազատության սահմանափակումների վրա՝ նշելով, որ «խաղաղ բողոքի ակցիաները երկրում փաստացի արգելված են ավելի քան մեկ տասնամյակ»։
Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի բարելավման նշաններ չկան, ասվում է Amnesty International-ի զեկույցում՝ միջազգային հանրությանը կոչ անելով «խստորեն դատապարտել Ադրբեջանում մարդու իրավունքների համակարգային եւ լուրջ խախտումները»։
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին էլ իրավապաշտպան կառույցն անդրադարձել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված գործի հետաքննությանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է հետաքննեն նրա իրավունքների խախտումների մասին հայցերը։