Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները համաձայնություն են ձեռք բերել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգելու շուրջ։ Այդ մասին գրում է Reuters-ը։
Քվեարկությունը կարող էր խափանվել Հունգարիայի դիրքորոշման պատճառով, որը դեմ էր Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցմանը։ Սակայն ԵՄ դեսպանների հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովը հրապարակած հայտարարության մեջ խոստանում էր շարունակել Կիեւի հետ բանակցությունները ուկրաինական գազատարներով Եվրոպա գազի մատակարարումը շարունակելու վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ հանձնաժողովը պատրաստ է գործընթացին ներգրավելու Հունգարիային եւ Սլովակիային:
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պյոտր Սիյարտոն ասել է, որ իր երկիրը ստացել է պահանջվող երաշխիքները էներգետիկ անվտանգության վերաբերյալ՝ նշելով, որ Եվրահանձնաժողովը պարտավորվել է պաշտպանել դեպի ԵՄ տանող խողովակաշարերը եւ Ուկրաինայից երաշխիքներ խնդրել մատակարարումները պահպանելու համար։
Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնք ներառում են առեւտրի սահմանափակումներ եւ ՌԴ կենտրոնական բանկի ակտիվների սառեցում, ԵՄ անդամ երկրների ղեկավարների կողմից երկարաձգվում են վեց ամիսը մեկ։ Հաջորդ ժամկետը հունվարի 31-ն է, եւ երկարաձգումը պահանջում է ԵՄ բոլոր անդամների միաձայն որոշում: Սակայն այս անգամ ԵՄ երկրները առերեսվել են Հունգարիայի դիմադրությանը, որը դժգոհ էր ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով դադարեցնելու Կիեւի որոշումից։