Ամեն տարի բազմաթիվ քաղաքացիներ ծանր վնասվածքներ են ստանում շան կծելու հետեւանքով: Արձանագրվում են նաեւ մահվան դեպքեր։ Սակայն շան կծելու, դրա հետեւանքով առաջացող առողջության խնդիրների կամ մահվան դեպքերի վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չկա։
Ի պատասխան «Ալիք Մեդիա»-ի՝ տեղեկություն ստանալու գրավոր հարցման՝ ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն»-ի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը նշել է՝ 2022 թվականին հանրապետությունում բուժօգնության է դիմել կենդանիների հարձակումներից տուժած 6512, 2023-ին՝ 8202 անձ։
Երեւանում 2022 թվականին բուժօգնության է դիմել կեդանիների հարձակումներից տուժած 2611, իսկ 2023-ին՝ 3336 անձ։
Շան կծելու հետեւանքով կարող է առաջանալ կատաղություն հիվանդությունը։ 2018-2024 թվականներին շան կծելու հետեւանքով միայն կատաղություն հիվանդությունից արձանագրվել է 2 մահ (2019 եւ 2023)։ Շները կարող են դառնալ մի շարք վարակիչ հիվանդությունների՝ կատաղության, փայտացման, լեյշմանիոզի, էխինակոկոզի, դիրոֆիլարիոզի, լեպտոսպիրոզի, տոքսոկարոզի տարածման պատճառ։ Իսկ թե ընդհանուր առմամբ քանի մարդ է մահացել շների կծելու, հարձակումների հետեւանքով, այդ թվում՝ վնասվածքների, հնարավոր չէ ճշտել առողջապահության նախարարությունից։
«Հայաստանում շների հարձակումներից առաջացած վնասվածքների վերաբերյալ առանձին վիճակագրություն չի վարվում»,- հայտնել է Ստեփան Աթոյանը։
Փորձեցինք համացանցում որոնել մամուլի հրապարակումներ շների հարձակումների հետեւանքով ծանր վնասվածքներ ստացած կամ մահացած քաղաքացիների վերաբերյալ։ Այդպիսի հրապարակումները քիչ չեն։
2022 թվականի դեկտեմբերի 9-ին Երեւանում շան կծելու հետեւանքով «Շենգավիթ» ԲԿ տեղափոխված 66-ամյա կինը, գիտակցության չգալով, մահացել էր։
2023 թվականի նոյեմբերին Արմավիրի մարզի Մերձավան գյուղում շները հարձակվել էին 76-ամյա կնոջ վրա, որը մահացել էր սթրեսից։ Քաղաքացին չէր ունեցել ուղեկցող ծանր հիվանդություններ։
2023 թվականի հուլիսի 20-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքի թաղամասերից մեկում շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա եւ պատճառել մարմնական բազմաթիվ վնասվածքներ։ Երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Սպիտակի ԲԿ։ Բժիշկներին հաջողվել էր փրկել երեխայի կյանքը։
2023 թվականի դեկտեմբերին «Արարատ» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սուրենավան գյուղ, որտեղ հայտնաբերել էին երեխայի դի։ Պարզվել էր, որ առավոտյան թափառող 5 շուն հարձակվել էին գյուղի դպրոց գնացող 3 երեխաների վրա։ Շների հետապնդումից խուսափելու նպատակով երեխաները վազքով փորձել են անցնել Մշակույթի տան դիմացի հատվածով, որի ընթացքում 7–ամյա տղան, բերանքսիվայր ընկնելով գետնին, գլուխը հարվածել է ճանապարհի եզրաքարին ու մահացել:
2024 թվականի հուլիսին Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում թափառող շները հարձակվել էին երիտասարդ կնոջ եւ 5-ամյա երեխայի վրա: Կատաղած կենդանիները հոշոտել են երեխայի դեմքը, գլուխը, վերջույթները, վնասել են նաեւ երեխայի մորը: Օգնության հասած եւս երեք համագյուղացու նույնպես շները տարբեր աստիճանի վնասվածքներ են հասցրել: Պետք է նշել, որ ի տարբերություն մեծահասակների՝ երեխաները, ցածր հասակով պայմանավորված, հիմնականում դեմքի շրջանում են ստանում լուրջ վնասվածքներ, քանի որ մարմնի այլ հատվածները ծածկված են հագուստով, իսկ դեմքը՝ ոչ:
Ակնհայտ է, որ շների հարձակումներից տուժող քաղաքացիների թիվը չի նվազում։ Հայաստանում աճել են նաեւ կատաղություն հիվանդության դեպքերը։ Ոլորտում եղած խնդիրները, սակայն, չեն լուծվում։
Ի՞նչ անել, եթե Ձեզ կենդանին ճանկռել է կամ կծել, ինչպե՞ս է դրսեւորվում կատաղությունը
Բուժհաստատությունների կայքերում կամ սոցիալական ցանցերի էջերում պարբերաբար հրապարակումներ են արվում վերոնշյալ թեմայով։ Ինչ անել, եթե շունը կծել է։ Մասնագետնեը խորհուդ են տալիս՝ շան կծածի դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկական օգնության: Առավել վտանգավոր է, երբ թափառող կենդանին է կծել․ դա դժվարացնում է շան հետագա հսկողության, կատաղության հայտնաբերման աշխատանքները։
- Եթե կենդանին մարդուն կծել է, քերծել, անհապաղ պետք է դիմել բժշկական օգնության:
- Չի կարելի կենդանուն սատկեցնել, քանի որ հետագա կանխարգելիչ պատվաստումների կուրսը կախված է նաեւ նրա վարքագծից: Եթե հնարավորություն կա հսկողություն սահմանելու, ապա 14 օր կենդանուն չպետք է ձեռք տալ և պետք է հետեւել նրա առողջական վիճակին:
- Մի՛ հրաժարվեք պատվաստումներից՝ անկախ նրանից՝ ընտանի կենդանին պատվաստված է, թե ոչ (այս խորհուրդը վերաբերում է ընտանի կենդանիներ ունեցողներին)։
Կատաղությունն ունի գրեթե 100 տոկոս մահաբերություն։ Այն ընթանում է սուր նյարդաբանական ախտանիշերի համակցությամբ՝ գերակտիվության դրսեւորմամբ, կամ կաթվածահարման ախտանիշերի համակցությամբ։ Կատաղությամբ վարակվածին բնորոշ են ջրավախությունը, լուսավախությունը։ Այս վարակն ունեցողների շրջանում զարգանում է շնչառական անբավարարություն, կոմա, ապա՝ մահ: Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր եւ շտեմարան են գիշատիչ կենդանիները` չղջիկները, առնետները, գայլերը, աղվեսները, նաեւ ընտանի կենդանիները` շները, կատուները եւ այլն:
Վարակը կենդանուց մարդուն է փոխանցվում հիվանդ կենդանու հետ անմիջական շփման միջոցով (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, ճանկռելու, նաեւ վարակված կենդանու թքի միջոցով` անմիջական շփման դեպքում եւ այլն): Հիվանդության գաղտնի շրջանի տեւողությունը 10-90 օր է, հազվադեպ` մինչեւ 1 տարի՝ պայմանավորված կծած տեղով (գլուխը, դեմքը, պարանոցը, ձեռքի մատները, սեռական օրգանները կծելիս այդ տեւողությունը կարճ է, իսկ իրանը, ոտքը կծելիս` երկար) եւ այլ գործոններով, ինչպիսիք են տուժածի տարիքը, կծող կենդանու տեսակը, վերքի մեծությունը եւ խորությունը, վերքի մեջ ներթափանցած հարուցիչի քանակը:
Կանխարգելիչ պատվաստումները բուժառուի կյանքը փրկելու միակ յուրահատուկ միջոցն են: Կատաղության դեմ պատվաստանյութը կանխում է հիվանդության զարգացումը 96-98%-ով: Սակայն պատվաստումը նվազ արդյունավետ է, եթե ներարկումները սկսել են իրականացնել կծելու պահից 14 օր անց: Հակամարմինները ի հայտ են գալիս պատվաստումները սկսելուց հետո 2 շաբաթ անց՝ հասնելով առավելագույնի 30-40 օր հետո:
Երեւանում ե՞րբ կլուծվեն թափառող շների հետ կապված խնդիրները
Շների հարձակումների դեպքեր գրանցվում են նաեւ մայրաքաղաքում։ Գիտությունների ազգային ակադեմիայում, սակայն, այս խնդրահարույց ոլորտին առնչվող հետազոտություններ չեն անցկացվել։
Ի պատասխան «Ալիք Մեդիա»-ի գրավոր հարցման՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնից հայտնել են՝ վերջին երեք տարում թափառող շների վերաբերյալ կենտրոնում հետազոտություններ չեն իրականացվել/պատվիրվել։
«Կենդանիների խնամքի կենտրոն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը գործում է 2019 թվականից: Կազմակերպությունն իրականացնում է թափառող կենդանիների կանոնակարգման ծրագիր ստերջացման եղանակով: Ծրագիրը ենթադրում է անտուն, թափառող կենդանիների բռնում, նախնական հետազոտություն: Եթե կենդանին ունի շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ, ապա «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ Կառավարության 27․12․2001 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված No 1286 որոշման համաձայն՝ քնեցվում է (զրկվում է կյանքից)։
Ի պատասխան «Ալիք Մեդիա»-ի գրավոր հարցման՝ «Կենդանիների խնամքի կենտրոն»-ը տեղեկացրել է՝ քնեցվում են նաեւ անկառավարելի ագրեսիա ունեցող եւ կյանքի հետ անհամատեղելի հիվանդություններ կամ նորագոյացություններ ունեցող կենդանիները։ Կենդանիների քնեցումը կատարվում է Կենդանիների խնամքի կենտրոնի մասնագետների կողմից ՀՀ-ում գրանցված դեղամիջոցներով։
Առողջ կենդանիները ստերջացվում, պատվաստվում են կատաղություն հիվանդության դեմ: Գործընթացի ավարտից հետո վերադարձվում են տարածք` ականջներին կրելով տարբերանշաններ, կամ հնարավորության դեպքում տրվում են այն քաղաքացիներին, որոնք պատրաստ են խնամելու այդ կենդանիներին։
«2025 թվականի ծրագրում նախատեսված է Երեւանում կենդանիների համար նախատեսված կացարաններ կառուցել, ինչը փողոցում կենդանիների քանակը նվազեցնելուն զուգահեռ առավել մեծ թվով անտուն կենդանիներ պահելու եւ խնամքի հանձնելու հնարավորություն կտա: Հանրության շրջանում իրազեկվածության բարձրացման նպատակով իրականացվում են իրազեկման տարբեր աշխատանքներ, համայնքային դպրոցներում անցկացվում են «Շների հետ վարվելու կանոնները» խորագրով կրթական արշավներ»,- ի պատասխան մեր գրավոր հարցման՝ տեղեկացրել են «Կենդանիների խնամքի կենտրոն»-ից։
Փորձեցինք պարզել թափառող կենդանիների թիվը մայրաքաղաքում։ «Կենդանիների խնամքի կենտրոն»-ը տեղեկացրել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թափառող շների տեղաշարժը վերահսկելի չէ, Երեւանում դրանց քանակի վերաբերյալ հստակ թիվ ներկայացնել հնարավոր չէ:
Ստորեւ ներկայացվում են 2022 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում թափառող կենդանիների մասով իրականացված աշխատանքների արդյունքները.
«Կենդանիների խնամքի կենտրոն»-ում գտնվող բոլոր կենդանիները կերակրվում են շների համար նախատեսված չոր կերերով ամեն օր։
Դատելով ներկայացված թվերից (2023 թվականին կենտրոն է տարվել 3437 թափառող կենդանի, 2024-ին՝ 5036)՝ կարելի է հասկանալ, որ թափառող շների թիվը գոնե մայրաքաղաքում չի պակասում, ըստ այդմ՝ նրանց հարձակումներից տուժած քաղաքացիների թիվը եւս չի նվազում։ Մնում է հուսալ, որ երբ կենդանիների համար նախատեսված կացարաններ կառուցվեն, գոնե որոշակի դրական միտումներ կնկատվեն, որոշ խնդիրներ կլուծվեն։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։