ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը կարծես թե չի հրաժարվում նախընտրական փուլում Կանադայի, Դանիայի (Գրենլանդիայի) եւ Պանամայի հանդեպ հնչեցրած տարածքային պահանջներից։ Եթե Կանադան 51-րդ նահանգ դարձնելու եւ Պանամայի ջրանցքը ԱՄՆ-ի վերահսկողությանը վերադարձնելու մասով Թրամփը հստակ քայլեր չի նշել, ապա Գրենլանդիայի հարցով բազմիցս է կրկնել, որ կղզու վրա Վաշինգտոնի վերահսկողությունը հաստատել կարող է այն գնելու միջոցով։ Ավելին՝ ընտրություններից հետո նա անգամ չէր բացառել ռազմական ուժի կիրառումը։
Սակայն Թրամփի այս հայտարարությունները չպետք է զարմանք առաջացնեն, քանի որ ԱՄՆ-ի տարածքային հիմնական աճը եւ ներկայիս սահմանների ձեւավորումը ամբողջությամբ տարածքային գնումների եւ ռազմական էքսպանսիաների հետևանք են։
Առաջին տարածքները
Ամերիկայի Միացյալ Նահանգների ձեւավորման սկիզբը համարվում է 1776 թվականի հուլիսի 4-ը, երբ Հյուսիսային Ամերիկայի տասներեք բրիտանական գաղութների ներկայացուցչական մարմինը՝ Մայրցամաքային կոնգրեսը, ընդունեց Բրիտանական կայսրությունից անկախանալու մասին Հռչակագիրը: Արդեն 1781 թվականին, բրիտանական բանակի հետ շուրջ հինգ տարի ընթացող ռազմական գործողությունների պայմաններում, այս գաղութներն ավարտեցին, այսպես կոչված, Կոնֆեդերացիայի հոդվածների վավերացման գործընթացը՝ դե յուրե դառնալով մեկ ընդհանուր միություն: Գաղութների անկախությունն ու ինքնիշխանությունը Մեծ Բրիտանիան ճանաչեց միայն 1783 թվականի Փարիզի հաշտության պայմանագրով, որով ավարտվում էր նաեւ Ամերիկյան հեղափոխական (կամ Անկախության) պատերազմը:
Վերոհիշյալ իրադարձություններից հետո նորանկախ պետությունը սկսել էր Միսիսիպի գետից արեւելք եւ նախկին գաղութների միջեւ ընկած տարածքների յուրացման տարերային մի գործընթաց։ Սրա համար մեկնարկային կետ էր դարձել հնդկացիական ցեղերի հետ երկարատեւ բախումներից հետո 1795 թվականին կնքված Գրինվիլի պայմանագիրը, որով նորանկախ Միացյալ Նահանգները վերահսկողություն էր ձեռք բերել ներկայիս Օհայո նահանգի մեջ ներառված տարածքների մեծ մասի վրա։ Սակայն ԱՄՆ-ի համար տարածքային նոր ձեռքբերումների մի ամբողջ դարաշրջան դեռ պետք է դառնար գրեթե ամբողջ XIX դարը. մի գործընթաց, որի սկիզբը դրվեց 1803 թվականին Ֆրանսիայից Լուիզանա կոչվող հսկայական գաղութային տարածքների գնումով։
Լուիզանա
Սկսենք 1762 թվականից, երբ Եվրոպական երկրներն ու դրանց ամերիկյան գաղութները ավերած Յոթնամյա պատերազմի տարիներին ֆրանսիական բանակը, պարտություն կրելով Բրիտանական կայսրությունից ու նրա դաշնակից հնդկացիական ցեղերից, գրեթե ամբողջությամբ կորցրել էր վերահսկողությունը իր կանադական գաղութների նկատմամբ (հայտնի որպես Նոր Ֆրանսիա)։ Այս իրադարձություններից հետո Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV-ը իր դաշնակից՝ Իսպանիայի թագավոր Կառլոս III-ին առաջարկել էր ընդունել «այն երկիրը, որը հայտնի է որպես Լուիզիանա նահանգ, ինչպես նաեւ Նոր Օռլեանը եւ կղզին, որի վրա գտնվում է քաղաքը»: Պատերազմից հյուծված Ֆրանսիայի նման քայլը պայմանավորված էր այդ տարածքների մեկուսացմամբ, ոչ շահութաբեր լինելու եւ տնտեսական վնասներ հասցնելու հանգամանքով։
Սակայն Իսպանիան այդպես էլ չկարողացավ օգտվել այն հողերից, որոնք, բացի կորուստներից, ոչինչ չբերեցին թագավորությանը, եւ 1800 թվականին Սան Իլդեֆոնսոյի պայմանագրով Լուիզիանան վերադարձրեց ֆրանսիացիներին, որը վերջնականապես Փարիզի վերահսկողության տակ անցավ 1803 թվականին: Այս կարեւոր իրադարձությունով այն ժամանակ դեռեւս Ֆրանսիայի կոնսուլ Նապոլեոն Բոնապարտը, ձգտում էր ոչ միայն Միսիսիպիի հովտում, այլեւ ամբողջ Ամերիկա մայրցամաքում վերականգնելու ֆրանսիական երբեմնի գաղութային կայսրությունը: Սակայն սրա համար Նապոլեոնի գլխավոր խոչընդոտը Սան Դոմինգոն էր՝ Կարիբյան ծովում Ֆրանսիայի ամենաթանկ առեւտրային ռեսուրսը եւ Մեքսիկական ծոցով դեպի Լուիզիանա տանող հիմնական դարպասը: Խնդիրն այն է, որ 1791 թվականին կղզու սեւամորթ ստրուկները, ոգեշնչված ֆրանսիական հեղափոխությունից, զինված ապստամբություն էին բարձրացրել Տուսեն Լ’Օուվերտուրի գլխավորությամբ։ Մի քանի տարվա կատաղի պատերազմներից հետո Լ’Օուվերտուրի ուժերը կղզին ամբողջությամբ վերցրել էին վերահսկողության տակ։ Քանի որ Նապոլեոնը չուներ բավականաչափ զորքեր՝ միաժամանակ Սեն Դոմինգը վերանվաճելու եւ Լուիզիանան գրավելու համար, նա որոշեց նախ հնազանդեցնել ապստամբ ստրուկներին, ապա վերականգնել Ֆրանսիայի իշխանությունը նախկին գաղութի նկատմամբ։ 1802-ին գեներալ Շառլ Վիկտոր Էմանուել Լեկլերի գլխավորությամբ կղզի ուղարկված 20-հազարանոց ֆրանսիական բանակը երեք ամսում վերականգնել էր ֆրանսիական գերիշխանությունը։
Տարածաշրջանում հզորացող ֆրանսիացիների այսպիսի ակտիվությունը սկսել էր անհանգստացնել նորանկախ Միացյալ Նահանգներին, քանի որ Լուիզիանայի Նոր Օռլեան քաղաքով առեւտրի եւ ապրանքաշրջանառության տարանցման համար իսպանացիներից նախկինում ստացած արտոնությունները կարող էին հայտնվել սպառնալիքի տակ։ Սա էլ իր հերթին մեծացնում էր ռազմական հակամարտության հավանականությունը։ Այդ ժամանակ Վաշինգտոնում ձեւավորված մտահոգությունների մասին առավել քան պարզ ընդգծում են ԱՄՆ 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի հետեւյալ խոսքերը․ «Երկրագնդի վրա կա մեկ կետ, որի տերը մեր բնական եւ սովորական թշնամին է: Դա Նոր Օռլեանի տերն է»։
Ռազմական նախապատրաստություններին զուգահեռ նախագահ Ջեֆերսոնը Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում ԱՄՆ դեսպաններ Ջեյմս Մոնրոյին (հետագայում ԱՄՆ 5-րդ նախագահ) եւ Ռոբերտ Լիվինգսթոնին կարգադրել էր բանակցություններ սկսել Փարիզի հետ՝ Նոր Օռլեան քաղաքը եւ Արեւմտյան Ֆլորիդան 10 միլիոն դոլարով գնելու համար։ Սա չհաջողվելու դեպքում բանագնացները պետք է փորձեին ռազմական դաշինք ձեւավորել Մեծ Բրիտանիայի հետ։ Այդ ժամանակ Սան Դոմինգոյում գտնվող ֆրանսիական բանակը արդեն հյուծվել էր կղզում մոլեգնող դեղին տենդից, իսկ Բրիտանական կայսրության հետ արդեն Եվրոպայում սպասվող պատերազմի հավանականությունը գնալով ավելի էր մեծանում։ Ստեղծված իրադրությունը Նապոլեոնին հարկադրել էր հրաժարվել ամերիկյան մայրցամաքի վերաբերյալ հետագա ծրագրերից եւ ուղղակի Մոնրոյին ու Լիվինգսթոնին 15 միլիոն դոլարի դիմաց առաջարկել Լուիզիանայի ամբողջ տարածքը։ Ամերիկյան կողմը անմիջապես համաձայնել էր։
Միսիսիպի գետից արեւմուտք ընկած եւ Մեքսիկական ծոցից մինչեւ ներկայիս Այդահո նահանգի սահմանները տարածվող Լուիզիանայի առք ու վաճառքի մասին պայմանագիրը կողմերը ստորագրեցին 1803 թվականի ապրիլի 30-ին Փարիզում, իսկ ԱՄՆ Սենատը այն վավերացրեց միայն հոկտեմբերի 20-ին։ Ի վերջո ԱՄՆ-ի տարածքը կրկնապատկվեց 2,1 միլիոն քառակուսի կիլոմետրով։
Իսպանական Ֆլորիդան
Նապոլեոնյան պատերազմների տարիներին Իսպանիայի թագավորությունը սկսել էր կորցնել վերահսկողությունը Հարավային Ամերիկայի իր գաղութների վրա։ Մեծ խառնաշփոթից չէր խուսափել նաեւ Ֆլորիդան։ 1818 թվականին գեներալ Էնդրյու Ջեքսոնը (հետագայում Միացյալ Նահանգների 7-րդ նախագահը) գրավել էր իսպանական Սեն Մարքս եւ Բարանկաս ամրոցները, ինչը Վաշինգտոնը բացատրել էր ամերիկյան տարածքները Սեմինոլի հնդկացիական ցեղերի շարունակական հարձակումներից պաշտպանելու նպատակով: Հասունացող խնդիրներից խուսափելու համար Իսպանիան որոշեց Ֆրանսիայի օրինակով ուղղակի իր գաղութը զիջել ԱՄՆ-ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվեց 1819 թվականի փետրվարի 22-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Ադամսի եւ ԱՄՆ-ում Իսպանիայի դեսպան Լուիս դե Օնիս Գոնսալես-Վարայի կողմից։ Սակայն ուղիղ երկու տարի պահանջվեց վավերագրերի փոխանակման համար, եւ պայմանագիրն ուժի մեջ մտավ միայն 1821 թվականի փետրվարին։
Թեեւ Ֆլորիդայի տարածքը Իսպանիան ԱՄՆ-ին զիջեց անվճար, սակայն պայմանագրով Վաշինգտոնը պարտավորվում էր 1․ սեփական միջոցներով փոխհատուցել Իսպանիայի կառավարության հանդեպ իր քաղաքացիների ունեցած պահանջները (կապված առեւտրաշրջանառության վնասների) եւ 2․ հրաժարվել Տեխասի ու Հյուսիսային Ամերիկայի այլ իսպանական գաղութների նկատմամբ հավակնություններից:
Մեքսիկական տարածքներ
Տեխասի հանդեպ ԱՄՆ-ի հավակնությունները կրկին սկսեցին արտահայտվել, երբ անգլիախոս վերաբնակիչները 1835 թվականին ապստամբություն բարձրացրին Մեքսիկայի կառավարության դեմ, որն Իսպանիայից անկախությունը հռչակել էր այդ իրադարձություններից 14 տարի առաջ՝ 1821 թվականի սեպտեմբերին։ Տեխասցիների դժգոհության հիմնական պատճառներից մեկը Մեքսիկայում ստրկության վերացումն էր։
1836 թվականին ապստամբներին հաջողվել էր Սան Խասինտոյի ճակատամարտում ջախջախել մեքսիկական բանակը եւ նույնիսկ գերի վերցնել նախկին նախագահ, գեներալ Անտոնիո Լոպես դե Սանտա Աննային։ Նույն տարվա մայիսին հակամարտող կողմերը ստորագրեցին Վելասկոյի պայմանագիրը, որով հռչակվում էր Տեխասի Հանրապետության անկախությունը, իսկ մեքսիկական բանակը հետ էր քաշվում Ռիո Գրանդե գետից հարավ։ Միացյալ Նահանգները պաշտոնապես չի միջամտել պատերազմին կամ կողմերի միջեւ հետագա սահմանային բախումներին, սակայն այդ տարիներին ամերիկացի կամավորների մեծ հոսք է եղել դեպի Տեխաս:
1845 թվականին ԱՄՆ-ի եւ Տեխասի կառավարությունները համաձայնություն ձեռք բերեցին միավորման մասին։ Այս իրադարձությունով ԱՄՆ 11-րդ նախագահ Ջեյմս Նոկս Փոլքի վարչակազմը ժառանգեց Տեխասի եւ Մեքսիկայի միջեւ տարածքային ու սահմանային վեճերը, որոնք մեծ արագությամբ տարան դեպի նոր հակամարտություն։ Չնայած ԱՄՆ-Մեքսիկա հարաբերությունների մեջ առկա լարվածությանը եւ պատերազմի նախապատրաստություններին՝ Վաշինգտոնը զուգահեռաբար բանակցում էր մեքսիկական Կալիֆոռնիայի (25 միլիոն դոլարով) եւ Նյու Մեքսիկոյի (5 միլիոն դոլար) գնման շուրջ:
Մեքսիկայում ներքաղաքական ծանր դրության պայմաններում մեկ տարվա ընթացքում միմյանց հաջորդել էին չորս նախագահներ, որոնք այդպես էլ չէին կարողացել լուրջ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, քանի որ հասարակական, հետեւաբար եւ քաղաքական կարծիքը գլխավորապես միտված էր մեքսիկական համարվող Տեխասը ամերիկյան օկուպացիայից ազատագրելուն։ Արդեն 1846 թվականի ապրիլին սկսվել էին առաջին բախումները Տեխասի տարածք ներխուժած ամերիկյան եւ մեքսիկական բանակների միջեւ: Այս իրադարձությունը Փոլքի վարչակազմը օգտագործեց Մեքսիկայի դեմ պատերազմ սկսելու հարցում Կոնգրեսի աջակցությունը ստանալու համար։ Արդեն մայիսի 13-ին նախագահը հրապարակեց հետեւյալ հայտարարագիրը․ «Հաշվի առնելով, որ ԱՄՆ Կոնգրեսը իրեն վերապահած սահմանադրական իրավունքով այսօր ընդունված ակտով հայտարարում է, որ «Մեքսիկայի Հանրապետությունը իր գործողություններով հայտարարում է, որ այդ կառավարության եւ ԱՄՆ-ի միջեւ պատերազմական իրավիճակ է», ես՝ ԱՄՆ նախագահ Ջեյմս Կ․ Փոլքը, սույնով հայտարարում եմ նույնը բոլոր նրանց, ում դա կարող է վերաբերել»։
Պատերազմն ավարտվեց մեքսիկական բանակի լիակատար պարտությամբ։ Ռազմական գործողությունների հենց սկզբում՝ 1846 թվականի օգոստոսին, Միացյալ Նահանգները մեծ արագությամբ վերահսկողություն էր հաստատել Կալիֆոռնիայի եւ Նյու Մեքսիկոյի վրա։ 1848 թվականին ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի ներկայացուցիչները Մեխիկոյից հյուսիս գտնվող Գուադալուպե-Հիդալգո բնակավայրում ստորագրեցին պատերազմը դադարեցնելու եւ նշյալ տարածքները ԱՄՆ-ին զիջելու մասին պայմանագիրը։ Ճիշտ է, այս նոր հսկայական տարածքները նվաճվեցին զենքի ուժով, սակայն հիշատակված պայմանագրով ԱՄՆ-ը պարտավորվել էր Մեքսիկային վճարել 15 մլն դոլար վերջինիս կորցրած տարածքների դիմաց։
Թեեւ ԱՄՆ-ը այս պատերազմի ընթացքում լուրջ տարածքային ձեռքբերումներ էր ունեցել եւ դուրս եկել Խաղաղ օվկիանոսի ափեր, սակայն այն ժամանակի քաղաքական գործիչների շրջանում միանշանակ դրական կարծիք չէր ձեւավորվել այս իրադարձության շուրջ։ Մասնավորապես գեներալ Ուոլլիս Գրանտը, որը հետագայում դարձավ ԱՄՆ 11-րդ նախագահը, իր հուշերում այն համարել է ազգային մեղք․ «Հարավային ապստամբությունը (1861-1865 թթ․ քաղաքացիական պատերազմը) մեծ մասամբ Մեքսիկական պատերազմի հետեւանքն էր: Ազգերը, ինչպես մարդիկ, պատժվում են իրենց մեղքերի համար: Մենք մեր պատիժը ստացանք նորագույն ժամանակների ամենաարյունալի եւ ամենաթանկ պատերազմում»։
Ալյասկա
Ռուս առեւտրականներն առաջին եվրոպացիներն էին, որոնք սկսել էին ուսումնասիրել Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարեւմտյան տարածքները: Արդեն 1799 թվականից Ալյասկան կառավարվում էր հատուկ այդ նպատակով ստեղծված «Ռուսական Ամերիկայի» ընկերության կողմից։
Բացի այն, որ Ալյասկայի զարգացումը ֆինանսական եւ մարդկային մեծ ռեսուրսներ էր պահանջում Ռուսական կայսրությունից, երկրի կառավարող շրջանակներում սկսել էր ամրապնդվել նաեւ այն պատկերացումը, որ նման շրջանի պահպանումը հզորացող ԱՄՆ-ի հետ ուղղակի առճակատման վտանգներ կարող էր ստեղծել։ Սրա վկայությունն է Արեւելյան Սիբիրի նահանգապետ, կոմս Նիկոլայ Մուրավյով-Ամուրսկու 1853 թվականին կայսր Նիկոլայ I-ին ուղղած նամակը Ալյասկան վաճառելու մասին։ «Հյուսիսամերիկյան նահանգներն (ԱՄՆ) անխուսափելիորեն կտարածվեն Հյուսիսային Ամերիկայով մեկ, եւ մենք պետք է նկատի ունենանք, որ վաղ թե ուշ ստիպված ենք լինելու զիջել մեր ունեցվածքը նրանց»,- ասվում էր այդ նամակում:
Հինգ տարի անց՝ 1857 թվականին, Ալյասկան վաճառելու գաղափարը հնչեցրեց նաեւ Մեծ իշխան Կոնստանտին Ռոմանովը։ Փաստարկներից մեկը ԱՄՆ-ի հետ «սերտ դաշինքի» պահպանման անհրաժեշտությունն էր, որն իր հերթին պահանջում էր վերացնել «այն ամենը, ինչը կարող էր անհամաձայնություն առաջացնել երկու մեծ տերությունների միջեւ»։
Թերակղզին վաճառելու համար նշանակալի հանգամանք էին նաեւ 1853-1856 թվականների Ղրիմի պատերազմի տարիներին Հեռավոր Արեւելքում անգլո-ֆրանսիական նավատորմի հարձակումները, որոնք ցույց էին տվել Ռուսական կայսրության արեւելյան հողերի եւ հատկապես Ալյասկայի բացարձակ խոցելիությունը։
1866 թվականի դեկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ հատուկ ժողով, որին մասնակցում էին նոր կայսր Ալեքսանդր II-ը, Մեծ իշխան Կոնստանտին Նիկոլաեւիչը, ֆինանսների նախարար Միխայիլ Ռեյտեռնը, նավատորմի նախարար Նիկոլայ Կրաբբեն, ինչպես նաեւ Վաշինգտոնում Ռուսաստանի բանագնաց բարոն Էդուարդ Ստոկլը։ Բոլոր մասնակիցները հավանություն էին տվել Ալյասկան վաճառելու գաղափարին։ Հաջորդ տարվա՝ 1867 թվականի մարտին Վաշինգտոնում, բացարձակ գաղտնիության պայմաններում, տեղի ունեցան ԱՄՆ պետքարտուղար Ուիլյամ Սյուարդի եւ Էդուարդ Ստոկլի բանակցությունները, որոնց ընթացքում համաձայնեցվեցին գնման մասին պայմանագրի նախագիծը եւ գումարային չափը։
Ռուսաստանի՝ Ալյասկան Ամերիկայի Միացյալ Նահանգներին 7,2 միլիոն դոլար ոսկով վաճառելու մասին վերջնական պայմանագիրը ստորագրվեց մարտի 30-ին Վաշինգտոնում։ 1867 թվականի մայիսի 15-ին պայմանագիրը հաստատեց կայսր Ալեքսանդր II-ը, իսկ հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ տարածքի պաշտոնական փոխանցումը։
Ալյասկային ԱՄՆ 49-րդ նահանգի կարգավիճակ շնորհվեց միայն 1959 թվականին։
ԱՄՆ տարածքային էքսպանսիան շարունակվեց ընդհուպ XIX դարի վերջ։ 1898 թվականին Իսպանիայի դեմ պատերազմի հետեւանքով ԱՄՆ-ը իր վերահսկողությունը հաստատեց Կուբայի, Պուերտո Ռիկոյի, Ֆիլիպինների եւ Գուամի վրա։
Մասնագիտությամբ միջազգայանագետ եմ։ Ձգտում եմ մարդկանց ապահովել տեղեկատվությամբ՝ նպատակ ունենալով թեկուզ չնչին ներդրում կատարել անցյալից ու ներկայից տեղեկացված հասարակություն կերտելու գործում։ Հետաքրքրությանս ոլորտներն են կրոնները, հատկապես իսլամը՝ իր շիա ուղղությամբ, պատմությունն ու պատերազմի մասին ժողովուրդների ընկալումները։