ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները համաձայնության եկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու ճանապարհային քարտեզի շուրջ, սոցցանցերում հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով հանձնակատար Կայա Կալլասը։
Կալլասը ընդգծել է, որ ԵՄ-ն «հանձնառու է արագ գործել» պատժամիջոցների չեղարկման հարցում, միեւնույն ժամանակ զգուշացնելով, որ որոշումը կարող է չեղարկվել, եթե Սիրիայի նոր իշխանությունները «սխալ քայլեր ձեռնարկեն»:
Նախօրեին Reuters-ը, հղում կատարելով աղբյուրներին, գրել էր, որ ԵՄ երկրների ծրագրով նախատեսվում է չեղարկել ավիաընկերությունների, այդ թվում՝ պետական «Syrian Arab Airlines» ավիաընկերության նկատմամբ ներդրված սահմանափակումները եւ վերանայել նավթի արտահանման արգելքը։
ԵՄ-ն Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ սկսել էր սահմանել 2012 թվականին՝ Բաշար ալ-Ասադի ռեժիմի եւ հակակառավարական խմբավորումների միջեւ դիմակայության մեկնարկից անմիջապես հետո, որը վերածվեց լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի:
Պատժամիջոցները հիմնականում կիրառվել են կառավարական եւ ռազմական կառույցների դեմ։ Դրանք ներառում էին Եվրոպայում Սիրիայի ակտիվների սառեցում, ինչպես նաեւ ներդրումների ու նավթի գնման սահմանափակումներ։