Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ ձեռք բերված հրադադարի համաձայնագրի առաջին փուլում ազատ արձակվող 33 պատանդներից 8-ը մահացել են։ Այդ մասին տեղեկությունը, որն ավելի վաղ տարածել էին լրատվամիջոցները, հաստատել են Իսրայելի իշխանությունները։
Երկրի կառավարության մամուլի քարտուղար Դեյվիդ Մենցերի խոսքով՝ այդ մասին արդեն տեղեկացրել են զոհերի ընտանիքներին։ Մենցերը նշել է, որ պայմանավորվածությունների շրջանակում ՀԱՄԱՍ-ը զոհերի մարմինները կհանձնի Իսրայելին։
Հիշեցնենք՝ Իսրայելի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջեւ հրադադարի եւ պատանդների ազատ արձակման համաձայնագիրը ուժի մեջ մտավ հունվարի 19-ին։ ԱՄՆ-ի, Եգիպտոսի եւ Կատարի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության առաջին փուլով հաստատվում էր 42 օր տեւող հրադադար, որի ընթացքում ՀԱՄԱՍ-ը պարտավորվում էր ազատ արձակել 33 պատանդի, իսկ Իսրայելը՝ բանտերում պահվող 1900 պաղեստինցի բանտարկյալի։
Մինչ օրս տեղի ունեցած երկու փոխանակման շրջանակներում ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել 7 պատանդի, իսկ Իսրայելը՝ 290 պաղեստինցի բանտարկյալի։ Հաջորդ փոխանակումը նախատեսված է հունվարի 30-ին։