Ռուսաստանի արտգործնախարարություն է կանչվել Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաեւը։ Նրան ընդունել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը եւ բողոքի նոտա ներկայացրել ադրբեջանական ԶԼՄ-ներում Ռուսաստանի հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքների համար։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գերատեսչության համապատասխան հայտարարության մեջ։
«Տարակուսանք է արտահայտվել ադրբեջանական լրատվամիջոցներում վերջերս մի շարք հակառուսական հրապարակումների, ինչպես նաեւ Բաքվում Ռուսական տան դեմ ապատեղեկատվական արշավի առնչությամբ։ Նշվել է հնչեցրած մեղադրանքների բացարձակ անհիմնությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Դրանում նաեւ նշվում է, որ քննարկվել է նախորդ տարվա դեկտեմբերին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի թեման։
«Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման թեման քննարկելիս ընդգծվել է ծառայողական հետաքննության ավարտի եւ դրա արդյունքների հրապարակման անհրաժեշտությունը՝ ողբերգության բոլոր հանգամանքների վրա լույս սփռելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։