Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն քրեական գործ է հարուցել երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի դեմ՝ Հակակոռուպցիոն գործողությունների կենտրոնի հայտարարության հիման վրա։
Ումերովը կասկածվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, հաղորդում է Հակակոռուպցիոն գործողությունների կենտրոնի տելեգրամյան ալիքը։ Համապատասխան հոդվածը նախատեսում է ազատազրկում երեքից վեց տարի ժամկետով։
Հաղորդվում է, որ նախարարը ապօրինաբար հրաժարվել է մեկ տարով երկարաձգելուց պաշտպանական գնումների գործակալության տնօրեն Մարինա Բեզրուկովայի պայմանագիրը, որին Ումերովը մեղադրել է բանակի մատակարարումների հետ կապված խնդիրներ ստեղծելու համար։ Նախարարը նաեւ աշխատանքից ազատել է դիտորդ խորհրդի երկու անդամների, որոնք քվեարկել են պայմանագրի երկարաձգման օգտին:
Պաշտպանական գնումների գործակալություններում վերահսկիչ խորհուրդների ստեղծումը ՆԱՏՕ-ի հիմնական պահանջներից էր, որի նպատակը այդ կառույցները արտաքին ճնշումից պաշտպանելն էր:
Ավելի վաղ Գերագույն դադայի պատգամավոր Անաստասիա Ռադինան Ումերովին կոչ էր արել հրաժարական տալ։ Նրա կարծիքով՝ ՊՆ ղեկավարը ոչնչացնում է ուկրաինացիների վստահությունը պաշտպանության գերատեսչության նկատմամբ։
Ումերովը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի սեպտեմբերից։ Նա այդ պաշտոնում փոխարինեց Ալեքսեյ Ռեզնիկովին, որի հրաժարականի պատճառներից մեկը, ինչպես նշում են ուկրաինական լրատվականները, կոռուպցիոն սկանդալներն էին՝ կապված բանակի պետական գնումների հետ։