«Որդեգրում ենք հայրենասիրության այն մոդելը, որը մեր բանակին, մեր զինվորին առաջարկում է շատ կոնկրետ խնդիր՝ պահպանել եւ պաշտպանել միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների, մեր տարածքների անվտանգությունը»։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-ամյակի կապակցությամբ պաշտպանության նախարարությունում ելույթ ունենալով բարձրագույն սպայակազմի առջեւ՝ վարչապետը հայտարարեց, որ իր վերոնշյալ մոտեցումը հենց այն մոդելն է, որի վրա պետք է կառուցվի պաշտպանունակ բանակը, եւ այն հենքն է, որի վրա պետք է իրագործվի բանակի կերպափոխման այն հայեցակարգը, որն արդեն Անվտանգության խորհրդի հավանությանն է արժանացել:
«Հետեւաբար, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առջեւ Կառավարությունը, հանրությունը, պետությունը պետք է դնի միայն ու միայն միջազգայնորեն ճանաչված տարածքների պաշտպանության եւ անվտանգության խնդիր: Եվ այս հենքի վրա, այո՛, մենք իրականացնում ենք բանակի խորքային բարեփոխումներ, եւ այս հենքի վրա մենք ունենալու ենք ուժեղ, պաշտպանունակ բանակ: Այս պարագայում որեւէ մեկը չի կարողանալու կասկածի տակ դնել պաշտպանունակ բանակ ունենալու մեր իրավունքը»,-հայտարարել է վարչապետը։
Անդրադառնալով նաեւ բանակում առկա թերություններին՝ Փաշինյանը նշել է, որ այսօր չկա թեկուզ մի խնդիր կամ թերություն, որը չի ծնվել բանակից դուրս:
«Բոլոր պրոբլեմները բանակ գալիս են հանրությունից, մեր ընտանիքներից, մեր տներից, մեր թաղերից, մեր դպրոցներից, մեր մանկապարտեզներից, մեր քեֆերից, մեր հարսանիքներից, իրար հետ հարաբերվելու մեր ձեւերից, եւ սա մենք պետք է հասկանանք, եւ սա մենք հասկանում ենք, որովհետեւ դուք պետք է իմանաք, որ Կառավարությունը դա հասկանում է»,- ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: