Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, սակայն նրան չի համարում օրինական նախագահ, որը կարող է վերջնական խաղաղության համաձայնագիր ստորագրել։
«Բանակցել կարելի է ցանկացածի հետ, բայց իր ոչ լեգիտիմության պատճառով նա [Զելենսկին] իրավունք չունի որեւէ բան ստորագրելու։ Եթե նա ցանկանա մասնակցել բանակցություններին, ես կնշանակեմ մարդկանց, որոնք կվարեն այդ բանակցությունները»,- ասել է Պուտինը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցի ժամանակ։
Պուտինը նաև նշել է, որ մինչ բանակցությունների մեկնարկը պետք է չեղարկվի Զելենսկու հրամանագիրը, որով արգելվում է բանակցել ռուսական իշխանությունների հետ։ Նրա կարծիքով դա չի կարող անել ինքը՝ Ուկրաինայի նախագահը, քանի որ նա ոչ լեգիտիմ է, բայց դա կարող է անել Գերագույն ռադայի նախագահը։
Պուտինը եւս մեկ անգամ կարծիք է հայտնել, որ «արեւմտյան հովանավորները» ցանկանում են վերջ տալ պատերազմին, նրանք կարող են ճնշում գործադրել Ուկրաինայի վրա եւ «փակել իրավական խնդիրները»։
Ռուսաստանի նախագահը նաեւ հայտարարել է, որ 2022 թվականի գարնանը որոշում է կայացրել դուրս բերել ռուսական զորքերը Կիեւից «որոշ եվրոպացի առաջնորդների» խնդրանքով, որոնք նրան ասել են, որ Ուկրաինան չի կարող խաղաղության պայմանագիր կնքել «զենքի փողի տակ»: Սակայն, ըստ Պուտինի, Ռուսաստանը «խաբվեց», եւ արեւմտյան առաջնորդները «համոզեցին ուկրաինացիներին շարունակել պատերազմը» խաղաղության պայմանագիր կնքելու փոխարեն։
Զելենսկին Պուտինի հետ բանակցություններն արգելող հրամանագիր ստորագրել է 2022 թվականի հոկտեմբերին, Մոսկվան հայտարարեց Ուկրաինայի չորս շրջանների բռնակցման մասին։
Հունվարի 26-ին Զելենսկին հայտարարեց, որ իր հրամանագիրը ենթադրում է բանակցությունների արգելք բոլորի համար՝ բացի իրենից։
«Ես Ուկրաինայի նախագահն եմ, ես այս կամ այն բանակցությունների առաջնորդն եմ, իսկ մյուսներին արգելել եմ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Վլադիմիր Զելենսկու նախագահական հնգամյա ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսին, եւ այդ ժամանակվանից ռուսական քարոզչությունն ու իշխանությունները առաջ են քաշում նրա «ոչ լեգիտիմության» թեզը։ Այնուամենայնիվ, Ուկրաինայում կոնսենսուս կա, որ քանի դեռ պատերազմը շարունակվում է, Զելենսկին մնում է պետության ղեկավարը։