Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հրավիրվել է Ադրբեջանի արտգործնախարարություն ռուսական մամուլում հրապարակված ապատեղեկատվությունների պատճառով։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում նշվել է, որ ռուսական մամուլում, ինչպես նաեւ Ռուսաստանի որոշ պաշտոնական շրջանակների կողմից Ադրբեջանի դեմ ուղղված ապատեղեկատվական հաղորդագրությունների եւ հաղորդումների հրապարակումը տարակուսանք է առաջացնում։ Սա, ըստ Բաքվի, հակասում է «Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի բովանդակությանն ու ոգուն»։
Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ նշվել է, որ հայտնի են 2024-ի դեկտեմբերի 25-ին Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի վթարի նախաքննության արդյունքները, աշխատանքներ են տարվում հետաքննությունն ավարտելու ուղղությամբ, իսկ Ռուսաստանին Բաքուն արդեն տեղեկացրել է իր ակնկալիքների մասին։
Նշենք, որ նախօրեին էլ Ռուսաստանի արտգործնախարարություն էր կանչվել Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաեւը։ Նրա հետ հանդիպմանը Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն էր տարակուսանք արտահայտել ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումների, ինչպես նաեւ Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի առնչությամբ։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ ՌԴ դեսպանի հետ քննարկվել է նաեւ Մոսկվայի՝ նախօրեին ներկայացրած բողոքը, որի շրջանակում նշվել է, որ «Ռուսական տան» վերաբերյալ հաղորդումները Բաքվի պաշտոնական դիրքորոշումը չեն։