Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է իր ոչ լեգիտիմ լինելու եւ Մոսկվայի հետ վերջնական խաղաղության համաձայնագիրը ստորագրելու իրավունք չունենալու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախօրեին հնչեցրած հայտարարությունը։
«Պուտինն այսօր եւս մեկ անգամ հաստատեց, որ վախենում է բանակցություններից, վախենում է ուժեղ առաջնորդներից եւ ամեն ինչ անում է պատերազմը երկարաձգելու համար։ Նրա յուրաքանչյուր քայլը եւ նրա բոլոր ցինիկ հնարքները միտված են պատերազմն անվերջ դարձնելուն»,- նշվում է Զելենսկու մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի սոցիալական ցանցերի էջերում։
Ըստ Զելենսկու՝ այժմ «իրական խաղաղության հասնելու հնարավորություն կա», սակայն Պուտինն անում է ամեն ինչ, որպեսզի «կա՛մ շարունակի լայնամասշտաբ սպանությունները, կա՛մ դադար ձեռք բերի՝ հետագայում հիբրիդային հարվածներ հասցնելու եւ նոր մասշտաբային ներխուժում պատրաստելու համար»:
Աշխարհի պետությունների ղեկավարներին Ուկրաինայի նախագահը կրկին կոչ է արել խաղաղություն «պարտադրել» Ռուսաստանին։
«Համաշխարհային առաջնորդները պետք է հաշվի առնեն նախորդ տարիների եւ այն առաջնորդների սխալները, որոնք արդեն լքել են բեմը, մասնավորապես այն, որ Պուտինը մեծ ներուժ ունի աշխարհը կործանելու համար, բայց չափազանց փոքր եւ վախկոտ սիրտ՝ առաջնորդների իրական ճնշմանը դիմակայելու համար: Եվ այդ իսկ պատճառով մենք պետք է գործենք համակարգված եւ վճռական՝ բոլոր նրանք, ովքեր բավականաչափ քաջություն ունեն հավատալու խաղաղությանը եւ ուժի միջոցով դրան մոտեցնելուն։ Իրական խաղաղությունը հնարավոր է, եթե Ռուսաստանին պարտադրեն դա անել»,- ասվում է Զելենսկու մեկնաբանության տեքստում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 28-ին էր հայտարարել, որ խաղաղ բանակցություններ կարող են վարվել «ցանկացածի» հետ, սակայն «իր ոչ լեգիտիմության պատճառով» Վլադիմիր Զելենսկին «որեւէ բան ստորագրելու իրավունք չունի»։
Վլադիմիր Զելենսկու նախագահական հնգամյա ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսին, եւ այդ ժամանակվանից ռուսական քարոզչությունն ու իշխանությունները առաջ են քաշում նրա «ոչ լեգիտիմության» թեզը։ Այնուամենայնիվ, Ուկրաինայում կոնսենսուս կա, որ քանի դեռ պատերազմը շարունակվում է, Զելենսկին մնում է պետության ղեկավարը։