ԱՄՆ-ը Իսրայելից Լեհաստան է տեղափոխել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված մոտ 90 հրթիռ։ Դրանք կմատակարարվեն ուկրաինական բանակին, գրում է Axios պորտալը՝ վկայակոչելով գործողությանը ծանոթ աղբյուրները։
Հրթիռները ուղարկվում են Ուկրաինա ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերը սպառազինությունից հանելու մասին Իսրայելում կայացրած որոշումից հետո։ Հոդվածում չի նշվում, թե արդյոք Կիեւը կփորձի ձեռք բերել նաեւ այն համակարգերը, որոնք կշարունակեն մնալ իսրայելական բանակի պահեստներում։
Նշենք, որ Իսրայելը որոշել է հրաժարվել Patriot ՀՕՊ համակարգերից դեռ նախորդ տարվա ապրիլին։ Դրանից հետո երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկար ժամանակ հավանություն չէր տալիս հրթիռների մատակարարման առաջարկներին։ Հրթիռների վերաբերյալ գործարքը հաստատելուց հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թույլատրել է հասիդների ամենամյա ուխտագնացությունը Ուման, պնդում է պորտալը։ Իսրայելում հերքում են նշյալ երկու իրադարձությունների միջեւ կապը։