Դամասկոս ռուսական պատվիրակության այցի ընթացքում Ռուսաստանն ու Սիրիան ցանկություն են հայտնել զարգացնելու համագործակցությունը՝ հիմնված բարեկամության սկզբունքների վրա։ Այդ մասին ասված է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ։
Դրանում ընդգծվում է, որ ՌԴ նախագահի Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովի գլխավորած միջգերատեսչական պատվիրակությունը Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առաջին անգամ է այցելելում Դամասկոս։
Ռուսական պատվիրակությանը ընդունել է Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Սիրիայի ժամանակավոր կառավարության անդամներ արտգործնախարար Ասադ ալ-Շիբանին եւ առողջապահության նախարար Մահեր ալ- Շարաան։
«Ներկայիս շրջադարձային պահին ռուս-սիրիական հարաբերությունների հարցերի ամբողջ շրջանակի անկեղծ քննարկման ժամանակ ընդգծվել է Ռուսաստանի եւ Սիրիայի միջեւ ավանդական բարեկամության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա երկկողմ բազմակողմ համագործակցությունը շարունակելու ցանկությունը»,- ասվում է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ։
Նաեւ նշվում է, որ ռուսական կողմը Մոսկվայի անսասան աջակցությունն է հայտնել Սիրիայի միասնությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, ինչպես նաեւ ընդգծել պատրաստակամությունը երկրի հետճգնաժամային վերականգնման գործում սիրիացի ժողովրդին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հարցում։ Բացի այդ՝ կողմերը կարեւորել են Սիրիայի ներքին խնդիրները ներքին ուժերով լուծելու կարեւորությունը։
Մոսկվայի եւ Դամասկոսի միջեւ բազմաբնույթ կապերի եւ փոխըմբռնման հետագա ամրապնդման ցանկության համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու երկկողմ շփումները, ասվում է ՌԴ ԱԳ նախարարության եզրափակիչ հատվածում։
Հիշեցնենք՝ 2015 թվականից սկսած Սիրիայի քաղաքացիական պատերազմում Ռուսաստանը քաղաքական եւ ռազմական լայն աջակցություն է ցուցաբերել նախկին նխագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը։
2024 թվականի նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում հակակառավարական ուժերի սկսած հարձակման հետեւանքով բանակը եւ նրանց աջակցող աշխարհազորայինները օրերի ընթացքում կորցրին Հալեպը, Համման եւ Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ապստամբներին հաջողվեց գրավել մայրաքաղաք Դամասկոսը, որից հետո հայտարարվեց նախագահ Բաշար ալ-Ասադի 24-ամյա իշխանության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։
Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը հունվարից գլխավորում էր, այսպես կոչված, «Սիրիայի փրկության կառավարությունը»՝ ձեւավորված Իդլիբ նահանգում ընդդիմության կողմից, նշանակվեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։
Անցումային շրջանը Սիրիայում կտեւի մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը։