Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կրկին բողոքում է Հայաստանի Սահմանադրությունից եւ հայտարարում, այսպես կոչված, «ռեւանշիստական» տրամադրությունների մասին։
Հայտարարությունը Բայրամովը հնչեցրել է Անկարայում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ուզբեկստանի միջեւ եռակողմ մեխանիզմի հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
«Նախարարը կարեւորել է նաեւ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքների ավարտը՝ նշելով, որ մտահոգիչ են Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրության եւ այլ իրավական ակտերում մնացած տարածքային պահանջներն ու ռեւանշիստական միտումները։ Միաժամանակ նշել է, որ Ադրբեջանը շարունակելու է իր կառուցողական ջանքերն այդ ուղղությամբ»,- հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։
Հայաստանի կառավարությունը բազմիցս է հայտարարել, որ Սահմանադրության փոփոխությունը երկրի ներքին գործն է, եւ որ այն հարեւանների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ որեւէ տարածքային պահանջ չի ներառում։