Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճում է, մինչդեռ Եվրամիության (ԵՄ) հետ՝ նվազում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ նշելով, որ նման իրավիճակը արտացոլում է տնտեսության իրական դրությունը։
«Հայաստանի հետ տնտեսական իրավիճակը շատ լավ է։ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանն ակտիվ դերակատարում ունի եւ իրեն կառուցողական է դրսեւորում։ Ինչպես բազմիցս եմ ասել, Հայաստանը Եվրասիական միության հիմնական շահառուն է։ Նախորդ տարի [Երեւանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ] առեւտուրը կազմել է 12 միլիարդ դոլար, ինչը մի քանի անգամ գերազանցում է Եվրամիության հետ Հայաստանի առեւտրի ծավալը։ Միաժամանակ Եվրասիական տնտեսական միության երկրների հետ առեւտուրն աճում է, իսկ Եվրամիության հետ՝ նվազում, ինչը, ընդհանուր առմամբ, ավելի լավ է բնութագրում տնտեսության իրական վիճակը»,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Հիշեցնենք՝ հունվարի 9-ին Հայաստանի Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին, որն այժմ քննարկվելու է խորհրդարանում։ Կառավարության նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Եվրամիության անդամակցության համար որոշումը դեռ պետք է կայացնի Հայաստանի ժողովուրդը հանրաքվեի միջոցով։
Ավելի վաղ Օվերչուկը, բողոքելով Կառավարության նման որոշումից, հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ օրինագծի քննարկումները Մոսկվան դիտարկում է ԵԱՏՄ-ից դուրս գալուն ուղղված քայլ։