Երեւանի եւ հարակից մի շարք բնակավայրերի երիտասարդներն արդեն մեկ շաբաթ է, ինչ սկսել են «Չենք վճարելու» նախաձեռնությունը, որի նպատակն է մայրաքաղաքի հանրային տրանսպորտի համար սահմանված նոր սակագների վերանայումը:
Նախաձեռնությունը մասնավորապես հայտարարում է․
Անարդարացի համարելով տրանսպորտային նոր սակագների սահմանումը Երեւան քաղաքի ավագանու կողմից՝ կոչ ենք անում միանալ «Չենք վճարելու» նախաձեռնությանը եւ բոյկոտել սոցիալական անարդարության հանգեցնող այս որոշումը։
Մենք բոյկոտում ենք Երեւանում հանրային տրանսպորտից օգտվելու նոր սակագներն ու տարբեր խմբերի համար նախատեսված զեղչային արտոնությունները։
Պահանջում ենք՝
- պահպանել «1 ուղեւորությունը՝ 100 դրամ» տարբերակը՝ անկախ այլ փաթեթների առկայությունից,
- բարելավել հասարակության մի շարք խմբերի համար նախատեսվող զեղչային արտոնությունները։
Ի՞նչ անել.
- Երեւանի բնակիչներին եւ հանրային տրանսպորտից բոլոր օգտվողներին կոչ ենք անում մասսայաբար չվճարել հանրային տրանսպորտից օգտվելիս:
- Փոքր խմբերով հավաքվել կանգառներում եւ տարբեր միջոցներով բարձրաձայնել եւ հորդորել ուղեւորներին չվճարել։
Նախաձեռնությունը նաեւ կոչ է անում բոլոր երիտասարդներին եւ ուսանողներին միանալ նախաձեռնության կազմակերպչական աշխատանքներին՝ միասին պայքարելու եւ քաղաքային իշխանություններին մեր ձայնը տեղ հասցնելու նպատակով։
Նախաձեռնությանը միանալու եւ նախաձեռնության հետ կապված այլ հարցերի համար կարող եք արձագանքել մեկնաբանություններում, գրել նախաձեռնության սոցմեդիայի էջերին կամ զանգահարել 093-533-611 հեռախոսահամարին։