«Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ եւ Սիրիայի փաստացի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան (Ալ-Ջուլանին) երկրի համար անցումային շրջանում հռչակվել է որպես նախագահ։ Այդ մասին հայտարարել է «Ռազմական օպերացիաների վարչության» հրամանատար, գնդապետ Հասան Աբդել Ղանին, հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։
Ալ-Շարաան կաշխատի նաեւ ժամանակավոր օրենսդիր խորհրդի ձեւավորման ուղղությամբ, որը կգործի մինչեւ երկրի նոր սահմանադրության ընդունումը։
Բացի այդ՝ Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են բանակն ու անվտանգության ծառայությունները ցրելու մասին։ Սրանց փոխարեն կձեւավորվի նոր կառույց, որը կապահովի քաղաքացիների անվտանգությունը։
Հայտարարվել է նաեւ «Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության» (Բաաս) լուծարման մասին, որը Սիրիայում իշխանության էր եկել 1963 թվականին։ 2000 թվականից կուսակցության գլխավոր քարտուղարը նախկին նախագահ Բաշար ալ-Ասադն էր։
Հիշեցնենք՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում «Հայաթ Թահրիր ալ-Շամի» գլխավորությամբ հակակառավարական ուժերի սկսած հարձակման հետեւանքով բանակը եւ նրանց աջակցող աշխարհազորայինները օրերի ընթացքում կորցրին Հալեպը, Համման եւ Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ապստամբներին հաջողվեց գրավել մայրաքաղաք Դամասկոսը, որից հետո հայտարարվեց նախագահ Բաշար ալ-Ասադի 24-ամյա իշխանության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։
Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը հունվարից գլխավորում էր, այսպես կոչված, «Սիրիայի փրկության կառավարությունը»՝ ձեւավորված Իդլիբ նահանգում ընդդիմության կողմից, նշանակվեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։
Անցումային շրջանը Սիրիայում կտեւի մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը։