Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում Հայաստանն արդեն առաջարկներ է ներկայացրել տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ։
«Տեղյակ եք Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունից, որը ենթադրում է ակտիվ տնտեսական, տրանսպորտային համագործակցություն ոչ միայն Հարավային Կովկասի երեք երկրների միջեւ, այլեւ ավելի մեծ տարածաշրջանում եւ այլ երկրների մասնակցությամբ եւս։ Նաեւ այս նախաձեռնության շրջանակում մենք արել ենք մի առաջարկ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում»,- հայտարարել է Միրզոյանը։
Նախարարը նաեւ նշել է, որ ոչ միայն այս ծրագրով, այլեւ մյուս ուղղություններով է Երեւանը պատրաստ վերջնականացնելու Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Մեր կառավարության դիրքորոշումը նույնն է՝ մենք նվիրված ենք եւ հետամուտ ենք լինելու խաղաղության օրակարգին։ Դա վերաբերւմ է թե՛ խաղաղության պայմանագրին, թե՛ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, թե՛ սահմանազատմանը»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։
Հիշեցնենք՝ հունվարի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էր հայտարարել, թե Հայաստանը պետք է իրականացնի իր «պարտավորվածությունը» եւ Ադրբեջանի համար «անարգել ու անխոչընդոտ անցում ապահովի» դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն։