Շարքի նախորդ հրապարակումը` այստեղ:
Մեր նախորդ հրապարակման մեջ գրել էինք, որ 2023 թվականի սեպտեմբերին՝ մեկօրյա պատերազմից եւ Արցախի կապիտուլյացիայից ու բռնի տեղահանությունից առաջ, Բաքուն պահանջել էր հինգ հոգու՝ նախկին նախագահներ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին, պաշտպանության նախարար Կամո Վարդանյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին: Ընդ որում` Ռուբեն Վարդանյանն ու Դավիթ Բաբայանը պետք է ձերբակալվեին անմիջապես կամ ներկայանային ու հանձնվեին ինքնակամ՝ հայերի տեղահանության ընթացքում:
2022 թվականի նոյեմբերի 4-ի հրամանագրերով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետնախարար նշանակեց Ռուբեն Վարդանյանին: Այդ նշանակումից մեկ ամիս անց Ադրբեջանը Շուշի-Քարինտակ հատվածում նախ մի քանի ժամով, ապա մեկ շաբաթ անց ինը ամսով փակեց ճանապարհը:
Մենք չենք կարող պնդել, որ Ադրբեջանը Արցախի շրջափակման եւ սովամահության անմարդկային քայլին դիմեց Վարդանյանի նշանակման պատճառով: Չկա նաեւ որեւէ հիմնավորում, թե իբր Վարդանյանին ռուսներն են գործուղել Ստեփանակերտ: Հակառակը` կան բազմաթիվ փաստեր, որոնց համադրումը ցույց է տալիս, որ Արցախ գնալու գիտակցված որոշում կայացրել է Վարդանյանն անձամբ՝ նաեւ ականջալուր լինելով իր շրջապատի հորդորներին:
Ադրբեջանը չափազանց նյարդային արձագանքեց Վարդանյանի՝ Արցախ մեկնելու որոշմանը: Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը շաբաթներ անց Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում պահանջեց, որ Վարդանյանը անհապաղ հեռանա Ստեփանակերտից:
Հենց այդ ասուլիսում Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը կապ չունի Ռուբեն Վարդանյանի՝ Լեռնային Ղարաբաղում հաստատվելու եւ այնտեղ քաղաքական գործունեությամբ զբաղվելու որոշման հետ: Նույն բանն ասել էր Վլադիմիր Պուտինը 2022 թվականի աշնանը Երեւան վերջին այցի ընթացքում՝ Նիկոլ Փաշինյանի հետ չլուսաբանված հանդիպման ժամանակ, որի մասին մանրամասն գրել եք ավելի վաղ:
Ավելին` ռուսները բացահայտ ակնարկեցին, որ դժգոհ են Վարդանյանից, հատկապես՝ ռուսական անձնագրից նրա հրաժարվելու քայլից:
«Պարոն Վարդանյանը Ռուսաստանի հետ կապ չունի, Ռուսաստանի իշխանությունները նրա հետ կապ չունեն։ Նրա խնդրանքով օրերս նախագահ Պուտինը հրամանագիր է ստորագրել, եւ նա այլեւս Ռուսաստանի քաղաքացի չէ։ Նրա՝ Ղարաբաղ ուղեւորվելու եւ այնտեղ քաղաքական գործունեությամբ զբաղվելու հետ մենք որեւէ կապ չենք ունեցել, չունենք եւ չենք պատրաստվում ունենալու»,- Բայրամովի հետ ասուլիսում ընդգծեց Լավրովը։
Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարարի պաշտոնից հեռացումը տեղի ունեցավ Բաքվի ուղղակի պահանջ-սպառնալիքով:
2023 թվականի փետրվարի 18-ին Մյունխենում Իլհամ Ալիեւը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Բաքուն պատրաստ է քննարկելու Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը՝ պայմանով, որ բանակցողը չպետք է լինի Ռուբեն Վարդանյանը: Ալիեւը նշեց, որ Վարդանյանը «մաքսանենգ ճանապարհով» է հաստատվել Ղարաբաղում: «Պատրաստ ենք բանակցելու, բայց հայ համայնքի այն ներկայացուցիչների հետ, որոնք ծնվել եւ ապրում են Ղարաբաղում»:
Մենք չունենք որեւէ փաստարկ, թե Ալիեւը պատրաստ էր հանդուրժելու արցախահայության՝ իր տոհմիկ հայրենիքում ապրելու իրավունքը, մյուս կողմից` կասկած չկա, որ Ռուբեն Վարդանյանի ներկայությունը Բաքվի համար պատրվակ էր՝ հետագայում բռնի տեղահանության մղելու իր քաղաքականության համար:
Մյունխենյան սպառնալիքներից հինգ օր անց Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին հեռացրեց պետնախարարի պաշտոնից՝ չնշելով հստակ պատճառ: Ակնհայտ է, որ հեռացման որոշումը կայացվել է Ալիեւի հրապարակային եւ միջնորդավորված պահանջով:
Դժվար է ասել՝ եթե Ռուբեն Վարդանյանը փորձեր հեռանալ Արցախից, ինչպես պահանջում էր Ալիեւը, ապա արդյո՞ք նրան չէին ձերբակալի: Հեռանալու երեք ճանապարհ կար՝ Լաչինի միջանցքով, որ ադրբեջանցիները փակել էին շաբաթներ առաջ, ներքին ճանապարհով, որտեղ 2023 թվականի մարտի սկզբին տեղի ունեցավ մահաբեր հարձակումը հայ ոստիկանների նկատմամբ, եւ վերջապես, ուղղաթիռով, եթե նման փորձ անեին ռուսները: Հետագա հրապարակումներում կտեսնեք, որ ռուսները փորձել են ուղղաթիռով նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին եւ Բակո Սահակյանին հեռացնել Ստեփանակերտից դեպի Սիսիան, սակայն ադրբեջանցիները դա թույլ չեն տվել:
Ռուբեն Վարդանյանը որոշում կայացրեց մնալ Արցախի ժողովրդի հետ եւ ձերբակալվեց սեպտեմբերի 27-ին, երբ փորձել էր անցնել Հակարիի կամուրջը՝ բռնի տեղահանվող հայության հետ միասին:
Մեկ օր անց՝ սեպտեմբերի 28-ին, ադրբեջանական իշխանություններին ինքնակամ հանձնվեց Դավիթ Բաբայանը:
Դավիթ Բաբայանը դա արել է առաջինը:
Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում 2023 թվականի սեպտեմբերի 28-ին տեղադրել էր հետեւյալ գրառումը.
«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ,
Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, եւ ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։
Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։
Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, եւ ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր եւ քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։
Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը կրճատի նրա տառապանքը եւ ամոքի նրա վերքերը»։
Նախօրեին Բաբայանը կառավարության ընդունելությունների տանը՝ Լավանդայում, հանդիպել էր Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալ Ջեյհուն Շադլինսկու հետ, ապա վերադարձել տուն: Հանդիպման պայմանավորվածությունն է եղել այդպիսին. Բաբայանը հանդիպում է Շադլինսկու հետ, բայց այդ օրը պետք է վերադառնար տուն: Բաբայանի եւ Շադլինսկու զրույցը տեւել է երեք ժամ, որից հետո, ըստ պայմանավորվածության, Բաբայանը չի ձերբակալվում:
Բաբայանին հստակ ասվել էր, որ իր ձերբակալության որոշումը կայացվել է ամենաբարձր մակարդակում՝ Իլհամ Ալիեւի որոշումով: Հաջորդ օրը` Ֆեյսբուքում իր հրապարակումից հետո, Բաբայանը ուղեւորվում է դեպի Տատիկ-Պապիկ արձանի հարեւանությամբ գտնվող ընդունելությունների տուն:
Այստեղ նա կրկին հանդիպում է Շադլինսկու հետ, զրուցում: Ադրբեջանական կողմը Բաբայանի արժանապատիվ կեցվածքի եւ ներքին անվեհերության համար Արցախի իշխանություններին տեղեկացնում է եւ խոստանում, որ Բաբայանը Բաքվում չի արժանանա որեւէ ստորացման:
Արդյո՞ք Ադրբեջանը պահել է խոստումը:
Այդ մասին կարող է պատմել միայն Դավիթ Բաբայանը, որի վերադարձը ադրբեջանական գերությունից կարող է լինել առաջիններից:
Արցախի նախագահների եւ մյուս պատանդառված հայերի մասին՝ մեր հաջորդ հրապարակման մեջ:
Շարունակելի
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։