ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Գուանտանամոյի ռազմածովային բազայում ներգաղթի օպերատիվ կենտրոնը «ամբողջ ներուժով ընդլայնելու» մասին։ Նպատակը այլ երկրներից ներգաղթած հանցագործների համար լրացուցիչ տեղեր ստեղծելն է։ Այդ մասին ասվում Սպիտակ տան հրապարակած հայտարարության տեքստում։
Թրամփի խոսքերով` Կուբայի տարածքում տեղակայված Գուանտանամո բազայում հազարավոր դատարկ մահճակալներ կան, եւ «մարդկանց մեծամասնությունը նույնիսկ դա չգիտի»:
«Մենք Գուանտանամոյում 30,000 տեղ ունենք՝ ամենավտանգավոր հանցագործ ներգաղթյալներին պահելու համար, որոնք սպառնում են ամերիկացիներին: Ոմանք այնքան վատն են, որ նրանց պահելու հարցը նույնիսկ չենք վստահում իրենց երկրներին, որովհետեւ չենք ուզում, որ նրանք վերադառնան։ Հետեւաբար մենք պատրաստվում ենք նրանց ուղարկելու Գուանտանամո»,- հայտարարել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը ստորագրած մեկ այլ օրենքով դաշնային իշխանություններին ավելի լայն լիազորություններ էր շնորհել հանցագործությունների համար մեղադրվող անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար։
Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է, որ ԱՄՆ նոր կառավարությունը «դաժանաբար է գործում»՝ հայտարարելով հազարավոր միգրանտների Գուանտանամոյի ռազմաբազա ուղարկելու մասին, որը «գտնվում է անօրինականորեն օկուպացված Կուբայի տարածքում»:
Գուանտանամոյի բանտը բացվել է 2002 թվականին։ Տասնամյակներ շարունակ այնտեղ պահվել էին այն անձինք, որոնք մեղադրվում էին 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումներին մասնակցելու համար։ Բազան ներառում է նաեւ միգրացիայի հարցերով օպերատիվ կենտրոնը, որտեղ ամերիկյան իշխանությունները տարիներ շարունակ քննել են ծովային ճանապարհով ԱՄՆ հասնել ցանկացող եւ ապաստան հայցող միգրանտներին:
ԱՄՆ մի քանի նախագահներ, այդ թվում՝ Բարաք Օբաման, խոստացել են փակել Գուանտանամոյի բանտը, սակայն դա չի հաջողվել անել։