ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել եւս 7 պատանդի, որոնք գերեվարվել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ պաղեստինյան շարժման հարձակումների ժամանակ։
29- ամյա Աբել Յահուդի, 80-ամյա Գադի Մոզեսի եւ Թալիանդի 5 քաղաքացիների հանձնումը Կարմիր խաչին տեղի է ունեցել Գազայի հատվածի հարավային Խան Յունիս քաղաքում։
Նշենք, որ ժամեր առաջ էլ հայտնի էր դարձել, որ ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել իսրայելցի կին զինվորական 20-ամյա Ագամ Բերգերին։
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ պատանդները փոխանցվել են Կարմիր խաչին եւ արդեն ուղեւորվում են Իսրայել։
«Ներկա պահին ազատված յոթ պատանդներին Իսրայելի պաշտպանության հատուկջոկատայինները ուղեկցում են Իսրայելի տարածք, որտեղ նրանք կանցնեն նախնական բուժզննում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պայմանավորվածության համաձայն` Իսրայելը բանտերից ազատ կարձակի 110 պաղեստինցի բանտարկյալի։
Հիշեցնենք՝ Իսրայելի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջեւ հրադադարի եւ պատանդների ազատ արձակման համաձայնագիրը ուժի մեջ մտավ հունվարի 19-ին։ ԱՄՆ-ի, Եգիպտոսի եւ Կատարի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության առաջին փուլով հաստատվում էր 42 օր տեւող հրադադար, որի ընթացքում ՀԱՄԱՍ-ը պարտավորվում էր ազատ արձակել 33 պատանդի, իսկ Իսրայելը՝ բանտերում պահվող 1900 պաղեստինցի բանտարկյալի։
Մինչ օրս տեղի ունեցած երկու փոխանակման շրջանակում ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել 7 պատանդի, իսկ Իսրայելը՝ 290 պաղեստինցի բանտարկյալի։