Հունվարի 30-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վրացական կողմի հաղորդմամբ՝ արդեն կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Իրակլի Կոբախիձեի հանդիպումը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել տարածաշրջանում տիրող իրավիճակին եւ խաղաղության գործընթացի առաջընթացին։
«Իրակլի Կոբախիձեն եւս մեկ անգամ հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ խթանելու երկխոսությունը եւ նպաստելու տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովմանը, ինչը կարեւոր է երկրների հետագա զարգացման համար»,- ասվում է Վրաստանի կառավարության հրապարակած հաղորդագրության մեջ։
Դրանում նաեւ նշվում է, որ դեմ առ դեմ հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Կոբախիձեն ընդգծել են երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության կարեւորությունը եւ քննարկել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի շրջանակում քննարկվելիք հարցերը։
«Կողմերն ընդգծել են նաեւ երկու երկրների միջեւ բարձր մակարդակի երկխոսությունը տարբեր ձեւաչափերով եւ սերտ համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում, ինչը նպաստում է երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի հաջորդ նիստը կնպաստի երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի հետագա ընդլայնմանը եւ այդ առումով առկա ներուժի լիարժեք օգտագործմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաեւ, որ Կոբախիձեն Փաշինյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Վրաստան։
Նշենք, որ Երեւանում է նաեւ Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին, որն արդեն հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։