Հայաստանը շահագրգռված է տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, որը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության եւ սահմանների անխախտելիության հարգանքի շրջանակում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում։
«Վրաստանի մեր գործընկերներին տեղեկացրել եմ, որ Հայաստանը շահագրգռված է տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ եւ լիարժեք վերագործարկմամբ, որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինքիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակում։ Այս համատեքստում ընդգծել եմ Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչելու կարեւորությունը, որը շատ կոնկրետ ու շոշափելի հեռանկարներ է խոստանում Հայաստանի, Վրաստանի եւ մեր տարածաշրջանի մյուս երկրների համար»,-հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի վարչապետը նաեւ հայտնել է, որ վրացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ու ամրապնդմանը միտված ընթացիկ գործընթացները։
Այս համատեքստում Փաշինյանը շեշտել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ երկուստեք մտահոգություններ ներկայացնող հարցերի վերաբերյալ Երեւանը շատ կոնկրետ առաջարկներ է ներկայացրել Բաքվին եւ սպասում է կառուցողական արձագանքի։
«Վերահաստատում եմ, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է խաղաղությունն առաջ մղելու գործում եւ շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»,- հայտարարել է Փաշինյանը։
Նշենք, որ 2025 թվականի սկզբից Բաքուն առավել կոշտ հայտարարություններ է հնչեցնում Հայաստանի նկատմամբ։
Այսպես, հունվարի 8-ին՝ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե Հայաստանը «ֆաշիստական» պետություն է եւ «սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը»։
«Կամ նրանք դա արմատախիլ կանեն, կամ մենք, այլ տարբերակ չկա»,— հայտարարել է Ալիեւը։
Օրերս էլ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Հայաստանը պետք է կատարի իր ստանձնած «պարտավորվածությունները» եւ «անարգել ու անխոչընդոտ կապ ապահովի» Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ։
Հայաստանից բազմիցս են հայտարարել, որ պատրաստ են կոմունիկացիաների բացմանը, որը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության շրջանակում՝ բացառելով արտատարածքային միջանցքի տրամաբանությունը։