Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր Երեւանում կայացած հանդիպմանը քննարկել են հայ-վրացական սահմանների սահմանազատման գործընթացի ակտիվացմանն առնչվող հարցեր։ Այդ մասին վրացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Փաշինյանը։
«Վրաստանի վարչապետի հետ այսօր տեղի ունեցած քննարկումների ընթացքում խոսել ենք նաեւ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատման գործընթացը ակտիվացնելու մասին եւ պայմանավորվել ենք, որ այդ ուղղությամբ ջանքեր կգործադրենք»,-հայտարարել է վարչապետ Փաշինյանը։
Իր խոսքում վարչապետը նաեւ ընդգծել է, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար եւ աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
«Մեր երկրները ռազմավարական գործընկերներին հարիր հարգանքով եւ հոգատարությամբ են վերաբերվում տարբեր հարցերում առկա դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ ձգտելով ոչ միայն չվնասել, այլեւ առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքերով՝ հանդիպմանը ընդգծել են նաեւ տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային նախագծերում ներառականության ապահովման կարեւորությունը։ Այս համատեքստում Փաշինյանն առանձնացրել է Սեւ ծովի էլեկտրական մալուխի նախագծին միանալու Հայաստանի հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունը։