Երեւանում փետրվարից 1-ից կներդրվի հանրային տրանսպորտի նոր սակագին, որը գործելու է 2025 թվականի ընթացքում։ Մեկ ուղեւորությունը կարժենա 150 դրամ: Սրա մասին իր պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանը նշել է, որ առաջարկվող մեկ ուղեւորության համար սահմանված 150 դրամը ամեն տարի կարող է փոփոխվել առավելագույնը 10 դրամով, բայց միայն շարունակվող բարեխումների պայմաններում: Նախատեսվում է հունվարին եւ փետրվարին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարացնել եւս մեկ ամսով:
Հիշեցնենք՝ ավելի վաղ որոշվել էր, որ մեկ ուղեւորության արժեքը լինելու է 300 դրամ։ Ընդ որում, Տիգրան Ավինյանը հայտարարել էր՝ հետքայլ չի լինի: Քաղաքային իշխանությունը պնդում էր՝ կայուն եւ որակյալ տրանսպորտային համակարգ ունենալու համար հնարավոր չէ գործող սակագնով շարունակել աշխատել, ուստի քաղաքացիներին առաջարկվում էին նոր գներով ուղետոմսեր ու փաթեթներ։ Բայց կարժ ժամանակաընթացքում քաղաքապետը երկու փոփոխության մասին է հայտարարել։ 8 օր առաջ նա հայտարարեց ուղետոմսերի նոր գների մասին, որը, սակայն, չգոհացրեց քաղաքացիներին, եւ նրանք դարձյալ սոցիալական ցանցերով հայտարարում էին բոյկոտելու են։ Իսկ հիմա, փաստորեն, առաջարկվում է նոր սակագին՝ 1 ուղեւորությունը՝ 150 դրամ։ Այսուամենայնիվ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը դարձյալ քաղաքացիներին կոչ է արել բոյկոտել եւ 100 դրամից ավելի չվճարել։
Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ վերնագրելով «Ժողովրդի պահանջը մնում է նույնը՝ 1 ուղեւորությունը՝ 100 դրամ։ Փետրվարի 1-ից՝ բոյկոտ»։
Եթե մեկ ուղեւորատոմսը 150 դրամ արժենա, հեռախոսներում համապատասան հավելվածներ չունեցող, տերմինալներից օգտվող քաղաքացիները չեն կարողանա թղթային մեկ QR տոմս գնել, քանի որ տերմինալը 50-դրամանոց չի ընդունում։ Այս պարագայում մնում է երկու տոմս գնել կամ, եթե հնարավոր է, գտնել մետրոյի կայարան, մոտենալ այնտեղ, մանրադրամը տալ աշխատակցին ու 150 դրամով 1 ուղետոմս գնել։
Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը կարծում է՝ քաղաքային իշխանությունը հերթական անհեթեթ, հաճեպ լուծումն է փորձել տալ, որն անտրամաբանական է։
«Այս պարագայում, թվում է, խնդրի լուծում կարող է լինել բանկային քարտով վճարումը, քանի որ 150-դրամանոց 1 ուղետոմս գնել հնարավոր չէ տերմինալի միջոցով։ Բանկային քարտերով վճարման վերաբերյալ շատ բողոքներ ենք ստանում։ Վալիդատորները նորմալ չեն աշխատում. մարդիկ քարտը մոտեցնում են, վալիդատորը ցույց է տալիս, թե գումարը չի գանձվել, բայց իրականում գանձած է լինում։ Քաղաքացին դարձյալ փորձում է վճարել ու, փաստորեն, կարող է երկու անգամ վճարել մեկ ուղեւորության համար։ Հետո մարդը հավելվածի միջոցով տեսնում է, որ երկու տոմսի գումար է գանձվել։ Ահա այս խնդրի պատճառով շատերը խուսափում են բանկային քարտով վճարելուց»,- բացատրում է Քրիստինա Վարդանյանը։
Նրան զարմացրել է Երեւանի քաղաքապետի գործելաոճը։
«Չգիտեմ՝ ինչ գնահատական կարելի է տալ նման բարձր մակարդակում գտնվող քաղաքական գործչի աշխատանքին։ Նախ ասում է՝ հնարավոր չէ ուղետոմսերի ավելի մատչելի գին սահմանել, հետո կարճ ժամանակահատվածում արժեքի փոփոխություններ են արվում, տարբեր որոշումներ են կայացվում»,- ասում է Վարդանյանը։
Ըստ նրա՝ տրանսպորտի գնի հետ կապված՝ մասնագիտական նորմալ ուսումնասիրություններ չեն կատարվել։ Անհրաժեշտ է ներգրավել արհեստավարժ մասնագետների, ապա այս հաշվարկների, գնագոյացման վերաբերյալ ազնվորեն տեղեկացնել քաղաքացիներին։
«Քննարկումների ժամանակ բազմիցս հարցեր ենք ուղղել գնագոյացման վերաբերյալ, բայց որեւէ հոդաբաշխ պատասխան չենք ստացել։ Մենք ի սկզբանե ասել ենք՝ սա ուռճացված թիվ է, որը չունի որեւէ հիմնավորում»,- մանրամասնում է Քրիստինա Վարդանյանը։
Հարցին, թե Տիգրան Ավինյանի վերջին հայտարարությունից հետո «Ազգային առաջընթաց» խմբակցությունը քաղաքացիներին դարձյալ կհորդորի՞ բոյկոտել եւ 100 դրամից ավելի չվճարել, Քրիստինա Վարդանյանը պատասխանեց՝ այո՛, քանի որ այսօր քաղաքացիներին չեն մատուցվում այնպիսի ծառայություններ, որ արդարացված լինի տրանսպորտի ուղեվարձի թանկացումը․ հստակ չվացուցակ չկա, կանգառները նորմալ կահավորված չեն, մարդիկ երբեմն 30-45 րոպե սպասում են տրանսպորտին, որոշ ժամերի մարդիկ չեն կարողանում բարձրանալ ավտոբուս, քանի որ նույնիսկ կանգնելու տեղ չկա ավտոբուսում, վալիդատորները նորմալ չեն աշխատում․․․ Ըստ Քրիստինա Վարդանյանի՝ միայն բարեփոխված ամբողջական համակարգ ունենալու պարագայում կարելի է քննարկել ուղետոմսի թանկացման հարցը։
Մի խումբ ուսանողներ եւ երիտասարդներ ստեղծել են «Չենք վճարելու» նախաձեռնությունը։ Նախաձեռնության անդամները դեմ են մայրաքաղաքի հանրային տրանսպորտի թանկացման որոշմանը։ Նախաձեռնության անդամ Յուրի Մովսեսյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է՝ տրանսպորտի թանկացումը սոցիալապես անարդար որոշում է։
«Մեկ շաբաթում արդեն երկու որոշում է կայացվել քաղաքային իշխանության կողմից, բայց մեր պահանջը չի կատարվել։ Մեր պահանջը հետեւյալն է․ տրանսպորտի ուղեվարձը պետք է լինի 100 դրամ։ Մենք, իհարկե, կողմ ենք միասնական տոմսային համակարգին, ուստի ունենք առաջարկներ փաթեթների վերաբերյալ։ Այս պահին քննարկում ենք եւ հրապարակային կներկայացնենք մեր առաջարկները։ Այժմ փորձում ենք սոցիալական մեդիահարթակների միջոցով մարդկանց իրազեկել մեր պահանջների ու անելիքի մասին»,- նշում է Յուրի Մովսեսյանը։
Փետրվարի 3-ից «Չենք վճարելու» նախաձեռնությունը բողոքի գործողություններ է սկսելու։ Քանի որ փետրվարի 1-2-ը ոչ աշխատանքային օրեր են, այդ երկու օրը Երեւանում իրազեկման աշխատանքներ են անցկացվելու՝ պաստառներ են փակցվելու, փողոցում երիտասարդները մոտենալու են մարդկանց ու տեղեկացնելու են նախաձեռնության եւ պայքարի ուղիների մասին։ Իսկ փետրվարի 3-ից կսկսվեն բոյկոտի գործողությունները։ Թե կոնկրետ ինչ գործողություններ կլինեն, կամ ինչպես կդրսեւորվի բոյկոտը, Յուրի Մովսեսյանը չի հայտնում պարզ պատճառով։ Քանի որ դիմադրություն կլինի ընդդեմ այս բոյկոտի, հիմա պետք չէ չակերտները բացել։ Բոյկոտի ամենակարեւոր գործիքը 100 դրամից ավելի չվճարելն է։
«Ակնկալում ենք, որ մեր գործողությունները ձնագնդու էֆեկտ կունենան։ Եթե մարդիկ բոյկոտեն, քաղաքային իշխանությանն այլ ելք չի մնա, քան ընկրկել ու որոշել, որ 1 ուղեւորատոմսը պիտի արժենա 100 դրամ, մանավանդ որ խոստացված բարեփոխումները չեն եղել․ մարդիկ դեռ 30-45 րոպե սպասում են տրանսպորտին, կան նաեւ այլ խնդիրներ»,- ասում է Յուրի Մովսեսյանը։
Նա ընդգծում է՝ հանրային տրանսպորտը հանրային ծառայություն է, հանրային բարիք է, ուստի պետք է բոլորի համար հասանելի լինի։ Եթե անգամ 1 ուղեվարձի ինքնարժեքը 100 դրամից ավելի է, պետք է սուբսիդավորում լինի, որպեսզի քաղաքացիները 100 դրամից ավելի չվճարեն։
Խոսելով գնագոյացման, ինքնարժեքի մասին՝ Յուրի Մովսեսյանը հիշեցնում է՝ քաղաքային իշխանությունը կարճ ժամանակ առաջ ասում էր՝ անհնար է տրանսպորտի գինը էժանացնել, բայց նախապես որոշված 300 դրամից գինն իջավ՝ հասնելով 150 դրամի, իսկ սա նշանակում է՝ կա՛մ քաղաքային իշխանությունը հաշվարկներ չի արել, կա՛մ արել է եւ անկեղծ չէ քաղաքացիների հետ։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։