ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է BRICS երկրների համար ներմուծման 100% մաքսատուրքեր սահմանել, եթե նրանք փորձեն համաշխարհային առեւտրի համար ԱՄՆ դոլարին փոխարինող նոր արժույթ կամ այլընտրանք ստեղծել։
«Մենք պատրաստվում ենք այս թվացյալ թշնամական երկրներից պարտավորություն պահանջել, որ նրանք չեն ստեղծի նոր BRICS արժույթ կամ չեն աջակցի որեւէ այլ արժույթի՝ հզոր ԱՄՆ դոլարը փոխարինելու համար, հակառակ դեպքում նրանք կառերեսվեն 100 տոկոսանոց մաքսատուրքերի եւ ստիպված կլինեն հրաժեշտ տալ հրաշալի ամերիկյան տնտեսությանը [ապրանքներ] վաճառելու հնարավորությանը»,- ասվում է ԱՄՆ նախագահի Truth Social սոցիալական ցանցում հրապարակած գրառման մեջ։
Թրամփը նաեւ ընդգծում է, որ «որեւէ հնարավորություն չկա, որ BRICS-ը կփոխարինի ԱՄՆ դոլարին միջազգային առեւտրում կամ որեւէ այլ տեղ», իսկ այն երկրները, որոնք կփորձեն դա անել, պետք է ասեն․ «Բարե՛ւ, սակագնե՛ր, եւ ցտեսությո՛ւն, Ամերիկա՛»։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ 100% մաքսատուրքեր կսահմանի BRICS անդամ երկրների ապրանքների վրա, եթե նրանք ստեղծեն նոր արժույթ կամ հրաժարվեն դոլարից։
Հիշեցնենք՝ BRICS-ը միջկառավարական կազմակերպություն է, որը բաղկացած է տասը երկրներից՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա, Եգիպտոս, Եթովպիա, Ինդոնեզիա, Իրան եւ Արաբական Միացյալ Էմիրություններ: 2024 թվականին կառույցին միանալու հայտ ներկայացրել է Ադրբեջանը, իսկ Թուրքիան՝ հրավեր ստացել։