Ահմեդ ալ-Շարաան (Ալ-Ջուլանին) Սիրիայի նախագահի պաշտոնում ժողովրդին ուղղված առաջին ուղերձում հայտարարել է անցումային կառավարություն ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքի մասին։
«Մենք կաշխատենք ձեւավորել անցումային կառավարություն, որը կներկայացնի բոլոր սիրիացիների, այդ թվում՝ կանանց եւ երիտասարդների շահերը»,- հայտարարել է Սիրիայի ժամանակավոր նախագահը: Նրա խոսքերով` կառավարությունը «պատասխանատու է լինելու Սիրիայում նոր պետական ինստիտուտների ստեղծման համար՝ մինչեւ ազատ եւ արդար ընտրությունների փուլը», եւ ապահովելու, որ «քաղաքական գործընթացներն իրականացվեն օրենքի գերակայության շրջանակում»։
Ալ-Շարաան ընդգծել է, որ անցումային փուլը քաղաքական գործընթացի մի մասն է, որը պահանջում է բոլոր սիրիացի տղամարդկանց եւ կանանց իրական մասնակցությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում:
«Ելնելով իմ մանդատից եւ ներկայիս լիազորություններից, ինչպես նաեւ Ժողովրդական խորհուրդը ցրելու որոշումից՝ ես կհայտարարեմ փոքր օրենսդիր խորհրդի ընտրության նախապատրաստական հանձնաժողովի [կազմը]՝ ստեղծված վակուումը լրացնելու համար»,-հայտարարել է Սիրիայի ղեկավարը։
Ալ-Շարաան նաեւ խոստացել է վերահսկողություն հաստատել Սիրիայի ամբողջ տարածքի վրա։
«Առաջիկա ժամանակահատվածում մենք կենտրոնանալու ենք մի շարք առաջնահերթ խնդիրների լուծման վրա […], այդ թվում կլինի ամբողջ Սիրիայով, Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնման ավարտը մեկ հողի վրա՝ մեկ իշխանության ներքո»,-հայտարարել է ժամանակավոր նախագահը։
Նա նաեւ խոստացել է կենտրոնանալ երկրում քաղաքացիական խաղաղության հասնելու վրա, ինչպես նաեւ պատժել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են Սիրիայի ժողովրդի դեմ հանցագործությունների մեջ՝ անկախ այն հանգամանքից` նրանք թաքնվում են երկրի ներսում, թե արտերկրում:
Նախօրեին Reuters-ն էր աղբյուրներին հղում կատարելով գրել, որ Ալ-Շարաան հունվարի 29-ին Դամասկոս ժամանած ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ պահանջել էր արտահանձնել նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին։
Սիրիական SANA լրատվական գործակալությունն էլ հանդիպումից հետո գրել էր, որ երկրի նոր վարչակազմը ռուսական պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ փոխհատուցում է պահանջել։
Հիշեցնենք՝ 2015 թվականից սկսած Սիրիայի քաղաքացիական պատերազմում Ռուսաստանը քաղաքական եւ ռազմական լայն աջակցություն է ցուցաբերել նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը։
2024 թվականի նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում հակակառավարական ուժերի սկսած հարձակման հետեւանքով բանակը եւ նրանց աջակցող աշխարհազորայինները օրերի ընթացքում կորցրին Հալեպը, Համման եւ Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ապստամբներին հաջողվեց գրավել մայրաքաղաք Դամասկոսը, որից հետո հայտարարվեց նախագահ Բաշար ալ-Ասադի 24-ամյա իշխանության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։
Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը հունվարից գլխավորում էր, այսպես կոչված, «Սիրիայի փրկության կառավարությունը»՝ ձեւավորված Իդլիբ նահանգում ընդդիմության կողմից, նշանակվեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։
Անցումային շրջանը Սիրիայում կտեւի մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը։