Հայաստանի եվրաինտեգրման հետեւանքը կարող է լինել հայ բնակչության լիակատար աղքատացումը։ Այսպիսի հայտարարություն ճեպազրույցում հնչեցրել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայկական ապրանքներին կսպառնան ավելի բարձր մաքսատուրքեր, եւ այդ ամենը կհանգեցնի ՀՆԱ-ի աճի տեմպերի կտրուկ անկման։ Օրինակ` ես կարծում եմ, որ սա է գլխավորը, քանի որ դա ուղղակի հարված կլինի ոչ թե այսօրվա շահույթին ու շահութաբերությանը, այլ զարգացմանը։ Եթե խոսենք արտադրության մասշտաբի եւ Հայաստանի բնակչության մասին, ապա սա ուղղակի կարող է հանգեցնել տոտալ աղքատացման»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովան կանխատեսել է նաեւ հայկական ապրանքների արտահանման 80 տոկոս կրճատում։ Ըստ նրա` հնարավոր չէ նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը փոխարինել այլընտրանքային աղբյուրներով։
«Հայաստանում որոշ փորձագետներ պնդում են, որ Արեւմուտքը, մասնավորապես Եվրամիությունը, իբր պատրաստ է վճարելու ամեն ինչի համար»,-նշել է Զախարովան՝ առանց հստակ օրինակներ բերելու։
Հիշեցնենք՝ հունվարի 9-ին Հայաստանի Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին, որն այժմ քննարկվելու է խորհրդարանում։ Կառավարության նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Եվրամիության անդամակցության համար որոշումը դեռ պետք է կայացնի Հայաստանի ժողովուրդը հանրաքվեի միջոցով։
Ռուսաստանից առաջինն արձագանքեց փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը բողոքելով ՀՀ Կառավարության նման որոշումից, հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ օրինագծի քննարկումները Մոսկվան դիտարկում է ԵԱՏՄ-ից դուրս գալուն ուղղված քայլ։