Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունվարի 31-ին հրավիրված ասուլիսում ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում առկա չհամաձայնեցված կետերի շուրջ Երեւանի մոտեցումները։
«Խաղաղության պայմանագրի հետ կապված ըստ էության նոր ասելիք չկա, որովհետեւ արդեն ասել եմ, որ նախագծում առկա 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են։ Երկու չհամաձայնեցված կետ կա, եւ երկուսի մասով էլ Հայաստանը լուծումներ է առաջարկել։ Գիտեք, որ դրանցից մեկը վերաբերում է երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներին սահմանի երկայնքով չտեղակայելուն, եւ մենք առաջարկում ենք այն կիրառել սահմանազատված հատվածների դեպքում։ Կա նաեւ իրավական հարթություններում վեճերը միջազգային ատյաններից հետ կանչելու թեման, որը որոշակի հանգամանքներում եւ պայմաններում մեզ համար կարող է ընդունելի լինել։ Գաղափարը հետեւյալն է. մենք պետք է համոզվենք, որ ոչ միայն միջազգային ատյաններից ենք որեւէ բան հետ կանչում, այլ նաեւ ընդհանրապես հրաժարվում ենք այդ վեճերից։ Հակառակ դեպքում կարող է ստացվել մի իրավիճակ, երբ մենք ինչ-որ մի հայց հետ քաշեցինք, եւ Ադրբեջանն էլ հետ քաշեց իր հայցերը, եւ մենք պայմանավորվեցինք, որ չենք տանելու միջազգային ատյաններ, բայց հաջորդ փուլում Ադրբեջանը երկկողմ հարաբերություններում այդ հայցերը դնի սեղանին։ Դրա շուրջ կարող են լինել էսկալացիաներ։ Այդ պարագայում մենք մեր ճանապարհը փակած կլինենք էսկալացիայի ռիսկը կառավարելու հարցում միջազգային հարթակները օգտագործելու համար»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը։
ՀՀ վարչապետի խոսքերով` այս եւ հումանիտար որոշ այլ հարցերի շուրջ աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք՝ նախորդ տարվա վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էր հայտարարել, թե խաղաղության պայմանագրի կետերից համաձայնեցված չեն երկուսը, եւ դրանք վերաբերում են Հայաստան-Ադրբեջան սահմանից երրորդ երկրների ուժերի ներկայության բացառմանը եւ միջազգային ատյաններում փոխադարձ հայցերից հրաժարմանը։
«Համաձայնեցված չէ փոխադարձ հայցերից ձեռնպահ մնալու մասին հոդվածը։ Կարծում եմ՝ սա երկուստեք ընդունելի հոդված է։ Վերջերս ավարտեցինք պատճառված վնասի վերլուծությունը, ընդ որում՝ մանրամասն վերլուծությունը։ Մենք դրա վրա ծախսել ենք 4 տարի, եւ ամեն ինչ փաստաթղթավորված է։ Խոսքը ավելի քան 150 միլիարդ դոլարի վնասի մասին է, որը պատճառվել է օկուպացիայի տարիներին։ Ուստի փոխադարձ հայցերից զերծ մնալը, կարծում եմ , փոխընդունելի կլինի։ Մյուս հոդվածն էլ վերաբերում է այլ երկրների ներկայացուցիչներին մեր սահմանին չտեղակայելուն։ Ինչո՞ւ է սա կարեւոր մեզ համար: Որովհետեւ, այսպես կոչված, եվրոպացի դիտորդների քողի տակ մեր սահմանին՝ հայկական կողմում, ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք է ստեղծվել»,- հայտարարել էր Ալիեւը։
Նա միեւնույն ժամանակ կրկնել էր Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջները։
Հունվարի 7-ին էլ տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր, որ հնարավոր չէ խաղաղության պայմանագիր ստորագրել առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ Սահմանադրության փոփոխության։
Սրան ի պատասխան՝ հունվարի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Երեւանը լուծումներ է առաջարկել Բաքվին, եւ դրական պատասխանի դեպքում հայկական կողմը պատրաստ է ստորագրելու պայմանագիրը: