Եթե Ադրբեջանը մտահոգություններ կամ հարցեր ունի՝ կապված Հայաստանի սպառազինության հետ, ապա Հայաստանն էլ հարցեր ունի՝ կապված Ադրբեջանի սպառազինման հետ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բաքվից հնչող հայտարարությունների վերաբերյալ հարցին։
«Մենք առաջարկել ենք, այդ թվում գրավոր ձեւաչափով, ստեղծել սպառազինությունների փոխադարձ վերահսկման եւ սահմանային միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմներ, որոնք ենթադրում են նաեւ սահմանային գոտիներում ռազմական գործունեության նկատմամբ փոխադարձ վերահսկողություն։ Մենք այդ առաջարկը պաշտոնապես տվել ենք եւ պատրաստ ենք այդ ուղղությամբ գնալ առաջու»,- հայտարարել Հայաստանի վարչապետը։
Փաշինյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը իր հարեւաններից որեւէ մեկի նկատմամբ տարածքային որեէ պահանջ չունի, իսկ Հայկական բանակի միակ խնդիրը Հայաստանի տարածքի ինքնիշխանությունն ու անվտանգությունը ապահովելն է։
Վարչապետը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ բանակի առջեւ խնդիր դրված չէ հարձակվել եւ վերականգնել 2021-2022 թվականներին ադրբեջանական բանակի ագրեսիայի հետեւանքով նրանց վերահսկողության ներքո անցած 200 քառակուսի կիլոմետր տարածքը, քանի որ Երեւանն ու Բաքուն արդեն ունեն սահմանազատման վերաբերյալ իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, որի համաձայն՝ սահմանազատման բազային սկզբունքը Ալմա-Աթայի հռչակագիրն է։