Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի շրջանակում այսօր՝ փետրվարի 1-ին, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատ է արձակել եւս երեք իսրայելցի պատանդների: Սրա դիմաց Իսրայելը պետք է բանտից ազատի 180 պաղեստինցի բանտարկյալների խմբին։
Նախօրեին ՀԱՄԱՍ-ը Իսրայելին էր փոխանցել երեք պատանդների անունները, որոնք բոլորն էլ քաղաքացիական անձինք են։ Նրանցից երկուսն արդեն ազատ են արձակվել եւ հանձնվել Իսրայելին, հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից։
Նրանցից մեկը 54-ամյա Օֆիր Կալդերոնն է, որը 2023-ի հոկտեմբերի 7-ին գերեվարվել էր իր երկու երեխաների հետ (երեխաներն արդեն ազատ են արձակվել), իսկ մյուսը կրկին նույն օրը գերեվարված 35-ամյա Յարդեն Բիբասն է, որը պատանդ էր տարվել կնոջ՝ Շիրիի եւ երկու երեխաների՝ 4-ամյա Արիելի եւ 10-ամսական Քֆիրի հետ (երեխաների տարիքը՝ առեւանգման պահին)։
Նշենք, որ նախորդ տարի ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ Արիելը, Քֆիրը եւ նրանց մայրը սպանվել են, սակայն Իսրայելի ռազմական հետախուզությունը չի հաստատել այդ տեղեկությունը:
Ազատ արձակվող երրորդ պատանդառվածը ԱՄՆ-ի եւ Իսրայելի քաղաքացի 65-ամյա Քիթ Սիգելն է, որն իր կնոջ՝ Ավիվայի հետ գերեվարվել էր Կիբուց Քֆար Ազայից։ Ավիվան ազատ էր արձակվել 2023-ի նոյեմբերին։
Նշենք, որ ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ ԱՄՆ-ի, Կատարի եւ Եգիպտոսի միջնորդությամբ հրադադարի մասին ձեռք բերված համաձայնագրի հունվարի 19-ին ուժի մեջ մտնելուց հետո սա պատանդների ու բանտարկյալների չորրորդ փոխանակումն է։