ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կանադայից եւ Մեքսիկայից ներկրվող ապրանքների համար 25 տոկոս, իսկ Չինաստանից՝ 10 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին։
Որոշակի բացառություններ, այնուամենայնիվ, կատարվում են Կանադայից եկող էներգակիրների համար։ Սպիտակ տան կայքում նշվում է, որ դրանց համար կսահմանվի ավելի ցածր՝ 10% մաքսատուրք։
Վաշինգտոնը նման միջոցառումների անհրաժեշտությունը հայտարարության մեջ բացատրում է հետեւյալ կերպ․ «ստիպել Մեքսիկային, Կանադային եւ Չինաստանին կատարել իրենց խոստումները՝ դադարեցնել անօրինական ներգաղթը եւ կասեցնել թունավոր ֆենտանիլի եւ այլ դեղամիջոցների հոսքը ԱՄՆ»։
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շայնբաումը ի պատասխան հայտարարել է, որ երկրի էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է «իրականացնել պլան Բ-ն, որը ներառում է սակագնային եւ ոչ սակագնային միջոցառումներ՝ Մեքսիկայի շահերը պաշտպանելու համար»: Նա հավելել է, որ խնդիրները ի վերջո լուծվելու են «ոչ թե սակագների, այլ բանակցությունների եւ երկխոսության միջոցով», եւ Թրամփին առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել, որը կներառի նաեւ հանրային առողջապահական եւ անվտանգության փորձագետների։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն էլ հայտարարել է ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին, որը որոշ դեպքերում կարող է հասնել մինչեւ 155 մլրդ դոլարի։ Սակագները կգործեն ալկոհոլի, սննդի, հագուստի, կոշիկի, կենցաղային տեխնիկայի, կահույքի, փայտանյութի եւ այլ ապրանքների ներկրման համար։
Թրյուդոն հավելել է, որ Թրամփի գործողությունները երկու երկրներին ավելի շատ բաժանել են, քան մոտեցրել՝ հիշեցնելով, որ կանադական զորքերը ամերիկացիների կողքին կռվել են Աֆղանստանում եւ օգնել ճգնաժամերի ժամանակ։
Չինաստանի առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ մաքսատուրքերը «լրջորեն խախտում են» Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնները, եւ խոստացել են բողոք ներկայացնել կառույց եւ ձեռնարկել «համապատասխան հակամիջոցներ»։ Թե դրանք ինչ միջոցներ կարող են լինել, չինական կողմը չի նշում։