Պանամա կատարած այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկրի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Պանամայի ջրանցքի գործունեության մեջ անհապաղ փոփոխություններ են անհրաժեշտ։
Բացի այդ՝ Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եկել է այն եզրակացության, որ չինական ազդեցությունը սպառնում է Պանամայի ջրանցքի շահագործմանը։
Պանամայի իշխանությունները հերքում են բոլոր այն պնդումները, որ ջրանցքի վերահսկողության ֆունկցիաները հանձնվել են Չինաստանին։ Միեւնույն ժամանակ, ինչպես նշում է Reuters-ը, ջրանցքի երկու կողմերում գտնվող նավահանգիստները գտնվում են Հոնկոնգում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հատուկ վարչական շրջանում, գրանցված ընկերության վերահսկողության տակ: Մի քանի այլ նավահանգիստներ էլ շահագործվում են ԱՄՆ-ի, Սինգապուրի եւ Թայվանի ընկերությունների կողմից:
Իր ուղեւորությունից առաջ Ռուբիոն նախազգուշացրել էր, որ Չինաստանը, որը կառավարում է նավահանգիստները վերահսկող ընկերությունները, հակամարտության դեպքում կարող է ընդհատել դեպի ջրանցք տանող մուտքը։
«Եթե Չինաստանի կառավարությունը նրանց ասի փակել Պանամայի ջրանցքը կոնֆլիկտի դեպքում, նրանք ստիպված կլինեն դա անել։ Ամեն դեպքում, կասկած չունեմ, որ չնախատեսված իրավիճակների համար նրանք ծրագրեր ունեն դա անելու։ Սա ուղիղ սպառնալիք է»,- հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարը:
Որոշ վերլուծաբաններ զգուշացնում են, որ արեւմտյան կիսագնդում իր ազդեցությունն ընդլայնելու համար Չինաստանը օգտագործում է տնտեսական եւ ոչ տնտեսական միջոցներ՝ առաջացնելով ԱՄՆ-ի ազգային անվտանգության ապահովման հետ կապված մտահոգությունները։
Դոնալդ Թրամփը բազմիցս էր հայտարարել, որ նախագահ ընտրվելուց հետո մտադիր է վերականգնելու վերահսկողությունը ջրանցքի նկատմամբ։
Ջրանցքի գոտին, որը կառուցվել է 20-րդ դարի սկզբին, երկար ժամանակ գտնվել է ԱՄՆ-ի վերահսկողության տակ, սակայն 1999 թվականին այն վերջնականապես անցել է Պանամայի իրավասության ներքո:
Պանամայի նախագահը Ռուբիոյի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Պանամայի ինքնիշխանությունը ջրանցքի նկատմամբ չպետք է կասկածի տակ դրվի: Միաժամանակ նա ընդգծել է, որ պատրաստակամ է համագործակցելու ԱՄՆ-ի հետ, մասնավորապես անօրինական միգրանտների վերադարձի հարցում։
Կենտրոնական Ամերիկա կատարած շրջագայության ընթացքում Ռուբիոն կայցելի Սալվադոր, Կոստա Ռիկա, Գվատեմալա եւ Դոմինիկյան Հանրապետություն: Լատինական Ամերիկայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Մաուրիսիո Կլավեր-Կարոնեի խոսքերով՝ սա պետքարտուղարի առաջին պաշտոնական այցն է տարածաշրջան վերջին 100 տարվա ընթացքում։
«Voice of America»-ն նշում է, որ Ռուբիոյի այցը մասամբ ուղղված է տարածաշրջանում Չինաստանի աճող ազդեցությանը հակազդելուն։