ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը հանդիպումներ եւ բանակցություններ է ծրագրել Ուկրաինայի, Ռուսաստանի եւ «տարբեր կողմերի» հետ։
«Մենք աշխատում ենք Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ։ Եվ մենք պլանավորված հանդիպումներ ու բանակցություններ ունենք տարբեր կողմերի, այդ թվում՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ»,- լրագրողներին ասել է Թրամփը «Էնդրյուս» ռազմաօդային բազայում (մեջբերումը՝ CNN-ի)։
Այլ մանրամասներ Թրամփը չի հայտնել։ Նա նաեւ չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ «տարբեր կողմերի» մասին է խոսքը։
Ո՛չ Ուկրաինան, ո՛չ էլ Ռուսաստանը պաշտոնապես չեն հայտարարել բանակցությունների հետ կապված Թրամփի վարչակազմի հետ տարվող շփումների մասին։
Փետրվարի 1-ին Թրամփը եւս մեկ անգամ հայտարարել է, որ խոսելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հույս հայտնելով, որ կողմերը կկարողանան «ինչ-որ նշանակալի բանի» հասնել։ Այլ մանրամասներ չհայտնելով՝ նա հավելել էր, որ Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ արդեն քննարկումներ են ընթանում՝ դրանք անվանելով «շատ լուրջ»։
Փետրվարի 2-ին Associated Press-ին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ խաղաղ բանակցություններից Ուկրաինայի բացառումը «շատ վտանգավոր» կլինի՝ կոչ անելով ավելի շատ քննարկումներ սկսել Կիեւի եւ Վաշինգտոնի միջեւ՝ հրադադարի պլան մշակելու համար: