Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցը ԱՄՆ տեսանկյունից Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգը ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելն է։ Այդ մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վաշինգտոնում ելույթ ունենալով «Save Armenia»-ի կազմակերպած ընդունելությանը, որին մասնակցել են կառույցի համահիմնադիր Ռոբերտ Նիկոլսոնը, մի շարք դիվանագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ:
«Եթե հարցնեք, թե որն է Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցը ԱՄՆ տեսանկյունից, կասեմ, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգը ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելը կլիներ շատ կարեւոր, որովհետեւ իհարկե, մենք խթանում ենք ազատությունները, այդ թվում` կրոնական ազատությունը, բայց գիտեք, ես կարծում եմ` մարդկանց ազատությունները պաշտպանելու լավագույն գործիքը կայուն խաղաղությունն է, որովհետեւ կոնֆլիկտային միջավայրը ամենահարմար միջավայրն է մարդու բոլոր հնարավոր իրավունքները խախտելու համար»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է, որ այս պատճառով է, որ Երեւանը այժմ կենտրոնացած է խաղաղության օրակարգի վրա, որովհետեւ Հայաստանում համոզված են, որ տարածաշրջանում միայն կայուն խաղաղության առկայությունն է, որ կարող է երաշխավորել պատշաճ միջավայր ժողովրդավարության, մարդկանց իրավունքների պաշտպանության եւ Հայաստանի զարգացման համար։
Վարչապետի խոսքերով՝ հիմա գոյություն ունի միայն մեկ գործիք, որով փորձ է արվում խափանելու Հայաստանի ժողովրդավարական ուղին, եւ դա պատերազմի, սրացումների եւ հակամարտության գործիքն է։