ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ստանձնել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) տնօրենի գործառույթները՝ այսպիսով հաստատելով հումանիտար գործակալության փաստացի անցումը Պետդեպարտամենտի վերահսկողության ներքո։ Այդ մասին հայտնում է CNN-ը։
Երկուշաբթի օրենսդիրներին ուղղված նամակում Ռուբիոն նշել է, որ ադմինիստրատորի պաշտոնակատարի լիազորությունները փոխանցել է Փիթ Մարոկկոյին, որը ԱՄՆ ՄԶԳ-ում աշխատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին նախագահության շրջանում եւ կառույցի պաշտոնյաների կողմից մեղադրվել կազմակերպությունը դիտավորյալ կազմաքանդելու համար:
CNN-ի հաղորդագրության համաձայն՝ Մարոկկոն, որը նաեւ աշխատում է որպես Պետքարտուղարության արտաքին աջակցության ղեկավար, գրեթե ամբողջ արտաքին օգնությունը սառեցնելու մասին հրամանագիր է մշակել:
Կոնգրեսի արտաքին հարաբերությունների եւ հատկացումների հարցերով հանձնաժողովների ղեկավարներին ուղղված նամակում Ռուբիոն նշել է, որ Մարոկկոյին լիազորել է «սկսել ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեության վերանայման եւ հնարավոր վերակազմակերպման գործընթացը՝ նպատակ ունենալով ազգային շահերին համապատասխանեցնելու համար առավելագույնի հասցնելու արդյունավետությունը եւ գործողությունները»:
Էլ-Սալվադորում էլ լրագրողների հետ զրույցի ժամանակ Ռուբիոն հայտարարել է, որ «ԱՄՆ ՄԶԳ գործառույթները» պետք է համապատասխանեն ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, եւ որ այն «բոլորովին անպատասխանատու գործակալություն է»:
«Կան բաներ, որոնք մենք անում ենք, արել ենք եւ անելու ենք ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով։ Խոսքն ինքնին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող ծրագրերի ավարտի մասին չէ։ Կան բաներ, որոնք նա շատ լավ է անում, եւ կան բաներ, որոնց շուրջ մենք լուրջ հարցեր ունենք»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ռուբիոյի այս հայտարարությունները հնչում են ԱՄՆ ՄԶԳ-ի դեմ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկի սկսած արշավից հետո։ Նախօրեին նա հայտարարել էր ԱՄՆ ՄԶԳ-ն փակելու գործընթաց սկսելու մասին, իսկ ավելի վաղ կառույցին մեղադրել կենսաբանական զենքի ստեղծմանը նպաստելու համար։
Մասկը նաեւ հայտարարել է, որ նման ձեւով հնարավոր կլինի կրճատել 1 տրիլիոն դոլլար ԱՄՆ դեֆիցիտը։