ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է համաձայնագիր կնքելու Ուկրաինայի իշխանությունների հետ, որով Կիեւը ամերիկյան օգնությունը կստանա հազվագյուտ հողային մետաղների դիմաց։ Թրամփի խոսքերը մեջբերում են AFP-ն ու Reuters-ը։
Սպիտակ տանը լրագրողների հետ կայացած ասուլիսում ԱՄՆ նախագահը նշել է, որ Կիեւը «պատրաստ է» նման համաձայնագրի՝ հավելելով, որ այսպիսով ցանկանում է Ուկրաինայի հետ «հավասարակշռել» Վաշինգտոնի կողմից փոխանցված «գրեթե 300 միլիարդ դոլարի» աջակցությունը։
«Մենք Ուկրաինային ասում ենք, որ նրանք ունեն շատ արժեքավոր հազվագյուտ հողային մետաղներ։ Մենք ցանկանում ենք գործարք կնքել Ուկրաինայի հետ, որի համաձայն՝ նրանք կստանան այն, ինչ մենք տալիս ենք իրենց հազվագյուտ մետաղների դիմաց»,- ասել է Թրամփը։
Լրագրողների հետ զրույցում այլ մանրամասներ չհայտնելով՝ Թրամփը նաեւ հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման հարցում «մեծ առաջընթաց» է գրանցվել։
Financial Times-ը գրում է, որ Ուկրաինայի իշխանությունները իրենց «Հաղթանակի ծրագիրը» պատրաստելիս դրանում ներառել էին երկու կետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դոնալդ Թրամփը կարող էր դառնալ ԱՄՆ նախագահ։ Առաջին կետը ենթադրում էր, որ Ուկրաինան իր բնական ամենակարեւոր ռեսուրսները պետք է կիսեր արեւմտյան գործընկերների հետ, իսկ երկրորդը, որ ուկրաինացի զինվորականները պատերազմից հետո կարող էին փոխարինել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ որոշ զորատեսակների։
Դոնալդ Թրամփը փետրվարի 2-ին հայտարարել էր, որ իր վարչակազմը բանակցություններ ու հանդիպումներ է ծրագրել Ուկրաինայի, Ռուսաստանի եւ այլ կողմերի հետ՝ առանց հավելյալ մանրամասներ հայտնելու։
Reuters-ն էլ, նախօրեին հղում կատարելով աղբյուրներին, գրել էր, որ Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավոր վայր դիտարկում են Սաուդյան Արաբիան կամ Արաբական Միացյալ Էմիրությունները։