2025 թվականի փետրվարի 1-ից Եվրահանձնաժողովն ունի Ընդլայնման եւ արեւելյան հարեւանության գլխավոր վարչություն (DG ENEST), որը պատասխանատու է լինելու Եվրամիությանն անդամակցելու թեկնածու եւ հավանական թեկնածու երկրների հետ ընդլայնման եւ անդամակցության բանակցությունների համար:
Նոր վարչության գլխավոր առաքելություններից են նաեւ ԵՄ տարածաշրջանային համագործակցությունը եւ տարածաշրջանային նախաձեռնությունները, որոնք կներառեն նաեւ թեկնածու երկրների աստիճանական ինտեգրման հարցերը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ընդլայնման եւ արեւելյան հարեւանության գլխավոր վարչությունը տնօրինելու է ԵՄ ֆինանսական եւ տեխնիկական աջակցության մեծ մասը, որոնք ուղղվելու են ինչպես ընդլայնման գործընկերներին, այնպես էլ ԵՄ Արեւելյան հարեւանության երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին եւ Բելառուսին:
Բացի այդ՝ վարչությունը շարունակական եւ կայուն աջակցություն կտրամադրի Ուկրաինային եւ կշարունակի աշխատանքը երկրի վերականգնման եւ վերակառուցման ուղղությամբ, ինչպես նաեւ կհյուրընկալի Ուկրաինայի դոնորների պլատֆորմը: