Չինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից ներմուծվող ածխի եւ հեղուկ բնական գազի (LNG) համար 15%, իսկ նավթի, գյուղատնտեսական տեխնիկայի եւ մեծ տարողունակ մեքենաների համար 10% մաքսատուրքերի սահմանման մասին։
Չինաստանի առեւտրի նախարարությունը նաեւ հայտարարել է, որ երկրի իշխանությունները հետաքննություն են սկսել Google-ի նկատմամբ՝ հակամենաշնորհային օրենքները խախտելու համար:
Պեկինը նաեւ հայտնել է, որ բողոք է ներկայացրել Առեւտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ ընդդեմ ԱՄՆ-ի գործողությունների։ «ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի միակողմանի բարձրացումը լրջորեն խախտում է կանոնները։ Սա ոչ միայն անօգուտ է սեփական խնդիրները լուծելու հարցում, այլեւ վնասում է Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ բնականոն տնտեսական եւ առեւտրային համագործակցությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Չինաստանը նաեւ խստացնում է վոլֆրամի, տելուրիումի, բիսմուտի, մոլիբդենի եւ ինդիումի հետ կապված ապրանքների արտահանման հսկողությունը:
Միջոցառումները կատարվում են ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար 10% մաքսատուրքեր սահմանելու մասին հայտարարությանը, որը նա հնչեցրել էր փետրվարի 2-ին: