Այսօր հայ քաղաքական իրականության մի հատվածի մեջ կա ընկալում, եթե կուզեք՝ համոզում, որ եթե Հայաստանը կատարի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, այն է՝ Հայաստանն ապահովի տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել երթեւեկ կազմակերպելու նպատակով, եւ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները, ապա դա հնարավորություն կտա, որ Արցախի մեր հայրենակիցները վերադառնան տուն:
Այսինքն՝ ռուսներին վստահում ենք, որ Արաքս գետի երկայնքով տեղակայվեն, Ադրբեջանը անխոչընդոտ ճանապարհով կապվում է Նախիջեւանի հետ, որի դիմաց ռուս խաղաղապահները վերադառնում են Լաչինի միջանցք, որտեղով տունուտեղը կորցրած արցախահայերը վերադառնում են Ստեփանակերտ եւ մյուս բնակավայրեր:
Մի կողմ եմ թողնում, որ հայտարարության մյուս բոլոր ութ կետերը ոտնահարվել են Ադրբեջանի կողմից, մի պահ ընդունում եմ, որ այդ ամենի մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է եւ ոչ Ռուսաստանը կամ միջազգային հանրության անտարբերությունը, մի կողմ եմ թողնում՝ խոր հիասթափությունից ու արհավիրքից հետո Արցախի մեր հայրենակիցները կցանկանա՞ն վերադառնալ տուն, երբ զգացել են կոտորածի վերահաս սպառնալիքը:
Հայ քաղաքական շրջանակների մի հատվածի այս ընկալումը, որ ռուսները կվերադառնան Արցախ, ինձ հիշեցնում է 1917 թվականի դեկտեմբերի Թուրքահայաստանի մասին Լենին-Ստալինի դեկրետը, որով արեւմտահայերը կկարողանային տուն վերադառնալ: Հասկանո՞ւմ եք, Լենին-Ստալինն ու բոլշեւիկները իրենց զորքերից դատարկեցին Սեւ ծովից մինչեւ Վան ու Պարսկաստան 500 կիլոմետր երկարությամբ ձգվող սահմանը՝ արյունաքամ եղած հայ կամավորական խմբերին ու Հայկական կորպուսին միայնակ թողնելով օսմանյան ներխուժող բանակների դեմ, որոնք հետագա չորս ամիսներին հասան մինչեւ Երեւանի մատույցներ՝ Նորագավիթի մոտից թնդանոթների փողերն ուղղելով Երեւանի ուղղությամբ:
Այն ժամանակ էլ հայ որոշ շրջանակներ ցնծում էին՝ ռուս բարեկամը Թուրքահայաստանի փրկության մասին դեկրետ է ընդունել՝ չգիտակցելով, որ բոլշեւիկները պայմանավորվել են գերմանացիների ու նրանց դաշնակից թուրքերի հետ՝ մենակ թողնելով միամիտ հայերին:
Եթե Ռուսաստանը չցանկանար կամ կարողանար չկատարել Ադրբեջանի պահանջը, ապա ռուս խաղաղապահները որեւէ պարագայում չէին հեռանալու Արցախից: Չէին հեռանալու, եթե Նիկոլ Փաշինյանն ու ամբողջ հայ ժողովուրդը Արցախը ճանաչեին Ադրբեջանի մաս:
Ռուսաստանի շահերից էր բխում 1915-ին նահանջել Վանից, կամ ուժ չունեին մնալու Վանում:
Ռուսաստանի շահերից էր բխում 1917-1918-ի ձմռանը հեռանալ Տրապիզոն-Վան հատվածից, կամ մնալու ուժ չունեին կամ պայմանավորվել էին գերմանացիների ու թուրքերի հետ:
Ռուս խաղաղապահները 2023 թվականի սեպտեմբերին հեռացան Արցախից՝ անգամ ղեկավարությանը չտեղեկացնելով ադրբեջանական հարձակման մասին, քանի որ դա էր պահանջում Կրեմլի շահը, կամ անկարող էին դիմադրել Ադրբեջանի ճնշումներին եւ կամ էլ պայմանավորվել էին Բաքվի հետ:
Բայց այս ամենի մեջ մենք իրավունք չունենք մեղադրելու ռուսներին, որովհետեւ նրանց շահը պարբերաբար կարող է չհամընկնել մեր շահերի հետ եւ համընկնել Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերի հետ: Եվ ռուսները մեղավոր չեն, որ հայերս չենք հասկացել, չենք ուզում հասկանալ ու շարունակում ենք չհասկանալ դիվանագիտության այբուբենի առաջին տառը՝ չկան հավերժական բարեկամներ, կան հավերժական շահեր:
Նիկոլ Փաշինյանին եւ Սերժ Սարգսյանին պետք է մեղադրել ու քննադատել, որ մերժեցին ռուսների առաջարկները 2014-ից ի վեր, երբ սեղանի վրա էր Լավրովի առաջարկը, չգնահատեցին, որ ժամանակն աշխատում է Հայաստանի դեմ, Փաշինյանին կարելի է ու պետք է մեղադրել պատերազմում մեր կրած աղետալի պարտության համար, բայց մոլորություն է մտածել, որ Փաշինյանը եւ 10 միլիոն հայերը կարող են թելադրել, թե որն է Ռուսաստանի շահը:
Մենք պետք է հասկանանք, թե որն է մե՛ր շահը:
Եթե Ռուսաստանի շահը պահանջի, որ նրանք վերադառնան Արցախ (եթե ունակ լինեն), ապա դա կանեն, անգամ եթե դրան դեմ լինեն աշխարհի բոլոր հայերը:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։