Մոսկվայի «Алые паруса» բնակելի համալիրում պայթյունը, որի հետեւանքով զոհվել է «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը, հավանաբար իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Այդ մասին հայտնում են РИА Новости-ն, TACC-ը եւ «Интерфакс»-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Հետաքննությունը հանցագործության առաջնահերթ վարկած է համարում ազդեցության ոլորտների վերաբաշխումը, «Интерфакс»-ին հայտնել է աղբյուրը։ «Ըստ նախնական տեղեկությունների՝ նա [մահապարտ-ահաբեկիչը] գործի է դրել իր հետ բերած պայթուցիկ սարքը։ Ստուգվում է այն վարկածը, որ նա եղել է ազգությամբ հայ»,- ասել լրատվականի զրուցակիցը։
Միաժամանակ հետաքննությունը, ինչպես գրում է լրատվականը, չի բացառում պայթյունի կազմակերպման մեջ ուկրաինական հատուկ ծառայությունների մասնակցությունը։ Գործակալության աղբյուրը հայտնել է, որ դրա հաստատման դեպքում քրեական գործը կվերաորակվի մեկ այլ հոդվածով։
Shot տելեգրամյան ալիքը գրում է, որ մահապարտ-ահաբեկիչը, որը մոտավորապես 45 տարեկան տղամարդ է եղել, պայթուցիկ սարքն ամրացրել է իր մարմնին եւ այն գործի է դրել, երբ Սարգսյանը դուրս է եկել վերելակից։
«Коммерсант»-ի աղբյուրը հայտնել է, որ հետաքննչական փորձագետների նախնական եզրակացության համաձայն՝ պայթել է ոչ թե ինքնաշեն սարք, այլ «MON-50» հակահետեւակային բեկորային ական։ Քննությամբ պարզվել է, որ պայթյունն իրականացնողը ազգությամբ հայ է, որին նախկինում քրեական մեղադրանք է առաջադրվել, գրում է «Коммерсант»-ը։
Նշենք, որ Մոսկվայի «Алые паруса» բնակելի համալիրում պայթյունը տեղի էր ունեցել փետրվարի 3-ին։ Պայթյունի հետեւանքով զոհվել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար եւ «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել հանցագործության նախապատրաստման եւ հանցագործության փորձի, սպանության, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի շրջանառության հոդվածներով։