2020 թվականին սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսելու որոշումը ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Թուրքիայի ղեկավարության քաղաքական կամքի դրսեւորում էր, իր մենագրության մեջ գրում է հայկական դիվանագիտական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից Հրաչյա Թաշչյանը:
«Եթե հետադարձ հայացք նետենք ռազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին, ապա մեզ համար ակնհայտ կդառնա, որ Թուրքիան անուղղակիորեն ներգրավված է եղել պատերազում եւ հսկայական ազդեցություն ունեցել դրա ելքի վրա: Կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ պատերազմի պլանավորումը եւ առանձին գործողությունների կառավարումն իրականացվում էին Թուրքիայի անմիջական մասնակցությամբ: Օրինակ՝ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ պատերազմի ամենաթեժ օրերին պաշտոնից հեռացվեց, իսկ այնուհետև ձերբակալվեց Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը»,- գրում է Թաշչյանը «Մեր անհաջողության պատճառների եւ մարտահրավերների մասին» մենագրության մեջ:
Թաշչյանը փորձել է պատասխաններ գտնել պատերազմից հետո հայ հասարակությանը հուզող կարևոր հարցերի, այդ թվում, թե ինչո՞ւ պատերազմը բռնկվեց հենց 2020 թվականի սեպտեմբեր ամսին և որո՞նք էին պատերազմում կրած անհաջողության ներքին և արտաքին պատճառները: Ինչպե՞ս էր Հայաստանը պատրաստվել պատերազմին եւ անկախության տարիներին արե՞լ էր արդյոք, այն ամենը, ինչն անհրաժեշտ էր երկրի զարգացման եւ այդ միջոցով՝ անվտանգության մարտահրավերներին պատրաստ լինելու համար: