Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նույն սեղանի շուրջը մասնակցելու խաղաղության բանակցություններին։ Այդ մասին նա հայտարարել է բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում, որը հրապարակվել է փետրվարի 4-ին։
«Եթե սա միակ տարբերակն է, որով մենք կարող ենք խաղաղություն բերել Ուկրաինայի քաղաքացիներին եւ չկորցնել մարդկանց, ապա մենք անպայման կգնանք հանդիպման այս տարբերակին»,- ասել է Զելենսկին։
Նա նաեւ նշել է, որ պատրաստ կլինի բանակցելու Պուտինի հետ՝ չնայած ՌԴ նախագահի նկատմամբ ունեցած վերաբերմունքին։
«Ի՞նչ տարբերություն, թե ես ինչ վերաբերմունք ունեմ նրա նկատմամբ: Ես նրա հանդեպ բարի չեմ լինի։ Ես նրան թշանի եմ համարում, ու եթե անկեղծ, կարծում եմ, որ նա էլ ինձ է թշնամի համարում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ Զելենսկուն չի համարում Ուկրաինայի օրինական նախագահ, եւ հետեւաբար նա չի կարող խաղաղության պայմանագիրը ստորագրել։ Զելենսկին էլ, մեկնաբանելով այդ հայտարարությունը, նշել էր, որ Պուտինը «վախենում է բանակցություններից»։
Ռուսական իշխանություններն ու քարոզչական ապարատը Զելենսկու «անօրինականության» մասին սկսկեցին խոսել, երբ 2024 թվականի մայիսին ավարտվեց նրա նախագահական հնգամյա ժամկետը։ Ուկրաինայում գործող ռազմական դրության ժամանակ երկրում չեն կարող անցկացվել ընտրություններ, այդ թվում՝ նախագահական։ Անձամբ Զելենսկին Փիրս Մորգանին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում օրենքները պետք է փոխվեն, որպեսզի հնարավորություն տան պատերազմի ժամանակ ընտրություններ անցկացնելու։