Ռուսաստանի դեմ պատերազմի ընթացքում ուկրաինական կողմը կորցրել է մոտ 45100 ուկրաինացի զինվորի, իսկ վիրավորների թիվը հասնում է 390 հազարի։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում։
Երկու ամիս առաջ Զելենսկին հայտնել էր 43 հազար զոհվածի եւ 370 հազար վիրավորի մասին։ Այդ ժամանակ Ուկրաինայի նախագահը նաեւ նշել է, որ ռուսական բանակի կորուստները հասնում էին գրեթե 200 հազար սպանվածի եւ 550 հազար վիրավորի։
Մորգանի հետ հարցազրույցի ժամանակ նա նոր թվեր է ներկայացրել՝ նշելով, որ ռուսական կողմը կորցրել է 300-350 հազար զինվորի, ունի մինչեւ 70 հազար անհետ կորած, իսկ վիրավորների առավելագույն թիվը հասնում է 700 հազարի։
UA Losses նախագիծը, հիմնվելով բաց աղբյուրների վրա, գրում է, որ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս սպանված ուկրաինացի զինվորների թիվը 63584 է:
Ռուսական կողմն իր կորուստների մասին պաշտոնական տվյալներ չի ներկայացնում։ Լրագրողներն ու կամավորները բաց աղբյուրներից կարողացել են պարզել 91059 սպանված ռուս զինվորականների անունները։
Զելենսկին Մորգանին տված հարցազրույցում նաեւ խոստովանել է, որ Ուկրաինան ներկայում չի կարող վերադարձնել Ռուսաստանի գրաված բոլոր տարածքները։ «Մենք ադեկվատ մարդիկ ենք եւ չենք կարող միլիոնավոր մարդկանց կորցնել հանուն արդյունքի, որը դեռ փաստ չէ, որ տեղի կունենա»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը՝ ընդգծելով, որ Կիեւը երբեք չի ճանաչի Մոսկվայի ինքնիշխանությունը Ղրիմի, Դոնբասի, Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանների նկատմամբ։
Նա նաեւ հայտարարել է, որ պատրաստ է Վլադիմիր Պուտինի հետ նստելու բանակցությունների սեղանի շուրջ, եթե դա խաղաղության հասնելու միակ ճանապարհն է։