Սիրիան ձգտում է Թուրքիայի հետ հարաբերությունները վերածելու խոր ռազմավարական գործընկերության, այդ թվում ներառելով անվտանգությանն առնչվող հարցերը։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահի պաշտոնակատար Ահմեդ ալ-Շարաան (Ալ-Ջուլանին) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում կայացած բանակցություններից հետո։
«Այսօր երկու երկրների միջեւ կան առանձնահատուկ եղբայրական հարաբերություններ, եւ մենք ձգտում ենք դրանք վերածելու խոր ռազմավարական գործընկերության բոլոր ոլորտներում»,- հայտարարել է Ալ-Շարաան՝ ընդգծելով, որ կարեւոր ռազմավարական խնդիր է «անվտանգության ոլորտի համագործակցությունը»։
«Հուսով եմ, որ մենք կհամագործակցենք անվտանգության ոլորտում՝ նպաստելով երկու երկրների զարգացմանը»,- հավելել է Սիրիայի ղեկավարը։ Նրա խոսքերով՝ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են այս ոլորտում առկա սպառնալիքները, որոնք շարունակում են մնալ «հատկապես Սիրիայի արեւելյան եւ հյուսիսային հատվածներում»։
Ալ-Շարաան նաեւ նշել է, որ Սիրիան Թուրքիայի հետ համագործակցություն է ակնկալում «մշակութային, տնտեսական եւ առեւտրային ոլորտներում»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ պատմական է համարել Սիրիայի ժամանակավոր նախագահի այցը Անկարա։
«Այսօրվա այցը ես դիտարկում եմ որպես պատմական եւ որպես նոր դարաշրջանի սկիզբ, մեր երկրների միջեւ մշտական բարեկամության եւ համագործակցության շրջան։ Մեր բոլոր կառույցներն ու կազմակերպությունները վերջին երկու ամսվա ընթացքում քրտնաջան աշխատել են մեր հարաբերությունները ռազմավարական մակարդակի վերադարձնելու համար։ Մեր քաղաքականության հիմքը միշտ եղել է Սիրիայի տարածքային ամբողջականության եւ միասնության պահպանումը։ Եվ մեր այսօրվա հանդիպումը պարոն ալ-Շարաայի հետ տեղի ունեցավ՝ հաշվի առնելով այս սկզբունքը»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարը Սիրիայի առաջնորդին անվանել է «սիրելի եղբայր»՝ մեկնաբանելով վերջին բանակցությունները։
«Մենք մեր սիրելի եղբոր հետ գնահատեցինք այն համատեղ քայլերը, որոնք կարելի է ձեռնարկել Սիրիայում անվտանգության եւ տնտեսական կայունության ապահովման համար։ Ինձ համար հաճելի էր տեսնել, որ մենք լիովին համաձայնության ենք եկել գրեթե բոլոր հարցերի շուրջ։ Մասնավորապես, մենք ուսումնասիրել ենք այն միջոցները, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել անջատողական ահաբեկչական կազմակերպության եւ նրա աջակիցների դեմ, որոնք գրավել են Սիրիայի հյուսիս-արեւելքը»,- ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» հետ կապվող «Սիրիայի ժողովրդական ուժերի» վերահսկողության տակ անցած տարածքները։
Թուրքիայի նախագահը նաեւ Ալ-Շարաային վստահեցրել է, որ Անկարան պատրաստ է աջակցություն ցուցաբերել «Իսլամական պետության» եւ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դեմ պայքարելու հարցում։
Թուրքիայի եւ Սիրիայի ղեկավարների բանակցությունները կայացել են Անկարայի նախագահական համալիրում։ Երկու կողմերի պատվիրակությունների կազմում են եղել նաեւ արտաքին գործերի նախարարներ եւ հետախուզական ծառայությունների ղեկավարները։