Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի եւ Կոնգրեսի հանրապետական եւ դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցել են կոնգրեսականններ Էնդի Հարրիսը, Ֆրենկ Փալոնը, Ռիչարդ Հադսոնը եւ սենատոր Ռոջեր Ուիքերը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։
«Վարչապետ Փաշինյանը կարեւորել է ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը՝ ընդգծելով ՀՀ Կառավարության հանձնառությունը՝ խորացնելու եւ ընդլայնելու համագործակցությունը ԱՄՆ-ի հետ բոլոր ուղղություններով։ Վարչապետն ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման եւ բարեփոխումների իրականացման գործում»,- ասվում է Կառավարության մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ։
Բացի այդ՝ կարեւորվել է նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումը, ասվում է հայտարարության մեջ։
Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին եւ կարեւորել ԱՄՆ-ի դերակատարությունը Հարավային Կովկասում կայունության ամրապնդման հարցում։
«Սենատոր Ուիքերը եւ կոնգրեսականները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը եւ ընդգծել ռազմավարական գործընկերության փաստաթղթով նախատեսված ոլորտներում համագործակցության խորացման կարեւորությունը։ Նրանք նշել են նաեւ ԱՄՆ նոր վարչակազմի հետ ակտիվ երկխոսության անհրաժեշտությունը երկկողմ օրակարգի շարունակական առաջմղման նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության զարգացման հեռանկարներին։