Եվրախորհուրդը նախատեսում է 2025 թվականի գարնանը Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալ ստեղծել։ Այդ մասին, ըստ «Deutsche Welle» եւ «Европейская правда» լրատվամիջոցների, հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն:
Նրա խոսքերով՝ Հատուկ տրիբունալի ստեղծումը «միջազգային գործընկերներին, մասնավորապես Ուկրաինային եւ Եվրամիությանը, թույլ կտա մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության ոլորտում ունեցած փորձն ու գիտելիքը լիովին օգտագործել ամբողջ մայրցամաքում»:
«Европейская правда»-ի աղբյուրը, որ փետրվարի 3-4-ը Բրյուսելում մասնակցել է Հատուկ տրիբունալի ստեղծման վերաբերյալ պետությունների խմբի (Core Group) հանդիպմանը, հայտնել է, որ Տրիբունալը կգործարկվի Ուկրաինայի եւ Եվրախորհրդի միջեւ երկկողմ համաձայնագրի հիման վրա։ Զրուցակիցը նշել է, որ հանդիպման ընթացքում հաստատվել է Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալի կանոնադրության նախագիծը։ Նա նաեւ նշել է, որ Հատուկ տրիբունալը «իրականում տրիբունալ է Պուտինի դեմ»։
Նման հայտարարություն Deutsche Welle-ի հետ զրույցում արել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«Կասկած չկա, որ Պուտինը կատարել է ագրեսիայի հանցագործությունը, այսինքն՝ որոշել է հարձակվել մեկ այլ երկրի վրա, ոտնձգություն կատարել Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ։ Նա այդ մասին խոսել է բավականին բացահայտ։ Հատուկ տրիբունալը նաեւ այս պատերազմը դադարեցնելու համար Պուտինին եւ նրա ռեժիմին ճնշելու մաս է կազմում: Սա ազդանշան է մյուս ագրեսորների եւ նրանց համար, ովքեր մտադիր են հարձակվելու հարեւան երկրների վրա»,- հայտարարել է Կալլասը։
Տրիբունալի 41 երկրներից բաղկացած խումբը հանդիպել է 13-րդ անգամ: «Европейская правда»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ խմբի վերջին՝ 14-րդ հանդիպումը տեղի կունենա ապրիլին։ Սպասվում է, որ այդ ընթացքում Հատուկ տրիբունալի ստեղծման մասին փաստաթուղթ կստորագրվի։
Հատուկ տրիբունալի ստեղծման գաղափարը մեկնաբանել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, Ռուսաստանի ժողովրդական դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին։
«Մեռելածին նախաձեռնություն։ Հատուկ տրիբունալը չունի որեւէ օրինական հիմք: Ռուսաստանը դուրս եկավ Եվրախորհրդից, իսկ ԵՄ-ն մեզ համար երբեք հրամանագիր չի եղել։ Հերթական հակառուսական քարոզչական պոռթկումը․ ուկրաինական զինված ուժերի ճակատային ծանր վիճակից ուշադրությունը շեղելու փորձ»,- հայտարարել է Սլուցկին։
2023 թվականի մարտին Միջազգային քրեական դատարանը ձերբակալության օրդեր էր տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի համար։ Նրանք կասկածվում էին Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաներին ապօրինաբար Ռուսաստան արտաքսելու մեջ։